ԼՂ-ում սրբավայրերի պահպանման վերաբերյալ հարցերին պատասխան կարող է տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն. Զախարովա

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԼՂ-ում իրավիճակին: Նա տեղեկացրեց՝ նախորդ շաբաթ շարունակվել են ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղղությամբ աշխատանքները, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել: 

Նա հիշեցրեց՝ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել ՀՀ և ՌԴ կառավարությունների ղեկավարների, ԱԳ նախարարների միջև, քննարկվել են խաղաղապահների աշխատանքը, հումանիտար աջակցության ուղղությամբ հետագա քայլերը և կրոնական ու մշակութային օբյեկտների պահպանման միջոցառումները: 

Զախարովան նշեց՝ ռուս խաղաղապահները շարունակում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը, հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկումը, ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը, քաղաքացիական ավտոմեքենաների երթևեկության անվտանգությունը: 

Նա ուշադրություն հրավիրեց անհետ կորածների և զոհերի մարմինների որոնման հարցերին, նշեց՝ դրանք շատ զգայուն են երկու ժողովուրդների համար: Զախարովան վստահեցրեց՝ այս հարցերը ռուս խաղաղապահների ուշադրության ներքո են, խաղաղապահները որոնումներ են իրականացնում ժամանակակից տեխնիկական միջոցների օգնությամբ: 

Նոյեմբերի 14-ից ԼՂ մշտական բնակության վայր է վերադարձել մոտ 30 000 բնակիչ: Զախարովայի խոսքով՝ մեկ օրում մոտ 1-2 հազար մարդ է վերադառնում: 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրեց՝ իրեն հարց էր ուղղվում հուշարձանների նկատմամբ վանդալիզմի ակտի վերաբերյալ: Նա նշեց՝ դժվար է պատասխան տալ այս ոլորտում բոլոր հարցերին:

«Ինչ վերաբերում է քրիստոնեական և մուսուլմանական սրբավայրերին, ապա այստեղ կարող են հարցերին պատասխան տալ ՅՈՒՆԵՍԿՕ -ի փորձագետները: Մենք աջակցում ենք նրանց նախաձեռնությանը՝ առաքելություն ուղարկել տարածաշրջան, հուսով ենք՝ առաքելությունն առաջիկայում կհասնի այնտեղ և կկարողանա գնահատական տալ կատարվածին»,- ասաց նա:

--00--ԱԹ