Ադրբեջանի պնդումները, որ ԼՂ հակամարտությունը հանգուցալուծված է, անհիմն են. Այվազյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News  

արա այվազյան

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ կողմից Արցախի ճանաչման հավանականությանը և մի շարք այլ հարցերի:

- Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները դիտարկել է նաև, որպես ԼՂ ժողովրդի անվտանգային գոտի և այդ տրամաբանությամբ վարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում բանակցությունները: Ստեղծված նոր իրավիճակում, երբ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, որո՞նք են լինելու ՀՀ առաջնահերթությունները բանակցային գործընթացում և որքանո՞վ եք կարևորում ՄԽ շրջանակներում բանակցությունների շարունակումը:

- Արցախի 150 հազար բնակչության բոլոր իրավունքները պետք է լիարժեքորեն վերականգնվեն և իրականացվեն իրենց պատմական հայրենիքում: Ադրբեջանի՝ Թուրքիայի բացահայտ հրահրմամբ և աջակցությամբ իրականացված ռազմական գործողությունների առանցքում Արցախի լիակատար հայաթափման և հայ ժողովրդի հայրենազրկման ցեղասպան նկրտումներն են, որոնք նշմարվում են նաև հետպատերազմյան հռետորաբանության և զարգացումների տրամաբանության մեջ: 

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում ցանկանում եմ միանշանակորեն ընդգծել, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, և այդ հարցը ռազմական ուժի կիրառմամբ հնարավոր չէ լուծել: Հայաստանը հանդես է եկել և շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման և անվտանգության միջազգային երաշխավորման դիրքերից: 

Անհիմն են ադրբեջանական կողմի այն պնդումները, որ հակամարտությունն այլևս հանգուցալուծված է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններով հանդես եկող Ադրբեջանի նախագահն անգամ դեռևս լիովին չի ընկալում իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի էությունը: Ինչպես միանշանակորեն բխում է եռակողմ հայտարարության տեքստից և ինչպես վերջերս ընդգծել է այդ հրադադարի հաստատման միջնորդ հանդիսացող ՌԴ նախագահը՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորված չէ և հանդիսանում է հետագա բանակցությունների առարկա: Այս հարցում համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները: 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կհամարվի լուծված միայն այն դեպքում, երբ Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքը կճանաչվի միջազգային հանրության կողմից: Պատերազմի ընթացքում միջազգային հանրության մոտ էլ ավելի ամրապնդվեց և խորացավ այն ընկալումը, որը մենք 26 տարի շարունակ պնդում էինք. արցախյան հիմնահարցը բնիկ ժողովրդի՝ արցախահայության՝ իր իսկ պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու հարց է: Աշխարհի տարբեր երկրներում բոլոր մակարդակներում մեր շփումները վկայում են, որ միջազգային հանրությունում ամրագրվել է այն ընկալումը, որ Արցախը որևիցե կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո և արցախահայությունն ունի բոլոր այն իրավունքները, ինչ աշխարհի բոլոր ժողովուրդները:

- Պատերազմի մեկնարկի առաջին օրվանից քննարկվում է Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցը: Արդյոք դիտարկվում է հիմա Արցախի անկախության ճանաչման հարցը: 

-Արցախի Հանրապետության ճանաչումը մշտապես դիտարկվել է ոչ միայն կարգավիճակի, այլև առավել լայն տարածաշրջանային և միջազգային համատեքստում։ Պետք է արձանագրենք, որ Արցախի ժողովրդի դեմ կիրառված բիրտ ռազմական ուժն առավել է ամրապնդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման կռվանները, և այս ուղղությամբ մենք ականատես ենք լինում որոշակի նոր մոտեցումների:

- Որպես արտաքին գործերի նորանշանակ նախարար՝ որո՞նք են ձեզ համար ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունները:

- Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունը եղել և այսօր առավել քան երբևէ մնում է արցախյան հիմնահարցի կարգավորումը, որը  նաև Հայաստանի անվտանգության համակարգի հիմնասյուներից մեկն է: Բոլորիս համար պարզ է, որ երկրի, ժողովրդի և պետության համար հիմա ճգնաժամային օրեր են, և մեր առաջնահերթ խնդիրն է իրականացնել ճգնաժամային կառավարում, որի նպատակն է այս փուլում նախևառաջ հասցեագրել Հայաստանի և Արցախի համապարփակ անվտանգության ու զարգացման՝ իր բոլոր ուղղություններով, առաջնահերթ հարցերը:

- Արդյո՞ք սպասվում են փոփոխություններ ԱԳՆ կենտրոնական ապարատում կամ դիվանագիտական կորպուսում:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը պրոֆեսիոնալ ապաքաղաքական կառույց է, որում առանձնահատուկ կարևորություն ունի ինստիտուտի և ինստիտուցիոնալ հիշողության պահպանումը: Միաժամանակ արտաքին քաղաքական գերատեսչությունը ստատիկ կառույց չէ, և բնականաբար այն ևս ունի զարգացման և շարունակական կատարելագործման ու առավել պրոֆեսիոնալիզացման իր տրամաբանությունը: