Ադրբեջանին ամեն ինչ կներվի, հաղթողը միշտ ճիշտ է. Незвисимая Газета

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Ադրբեջան Արցախ

Ռուսաստանը եկավ Ղարաբաղ՝ մնալու համար. չճանաչված այս հանրապետությունում խաղաղապահ առաքելության գործողությունը կձգվի տասնամյակներ: Незвисимая Газета-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և դրան հանգեցնող ընթացքին:

Հոդվածագիրը նշում է՝ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ իրենց զորքը զբաղեցրել է Քելբաջարի շրջանը՝ միևնույն ժամանակ Հայաստանին մեղադրելով անտառներ հատելու, դպրոցներ այրելու և տնային կենդանիների մորթելու մեջ:

«Հաղթողը միշտ ճիշտ է, նրան ամեն ինչ կներվի: Պարտվողը, հակառակը, մեղավոր է ամեն ինչում: Այս բեռը ոչ հարուստ Հայաստանը պետք է միայնակ կրի»,- նշվում է հոդվածում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ քաղաքականությունը ֆիասկո է կրել. Արևմուտքը չաջակցեց Երևանին՝ ռազմական այս հակամարտության ընթացքում, նաև լռում է այժմ, երբ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է. հայերը լքում են իրենց տները՝ վախենալով ցեղասպանությունից:

Ռուս խաղաղապահների մուտքը Ղարաբաղ դարձավ այստեղի բնակչության գոյատևման միակ հնարավորությունը: Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ խոսում է այն մասին, որ ԼՂ-ում հակամարտությունը ձգձգվում է: Այս առիթով նա ենթադրում է, որ Ռուսաստանից ուղարկված խաղաղապահները այս տարածքում կմնան ավելի քան հինգ տարի: Այս ընթացքում, ըստ Փաշինյանի, հարկավոր կլինի տարածաշրջանային անվտանգության և կայունության երաշխիքներ ստեղծել: 

Նիկոլ Փաշինյանը խոսում է հակամարտության «ձգձգված բնույթի» մասին և, ամենայն հավանականությամբ, ռևանշի հասնելու գաղտնի հույս ունի: Բաքուն նույնպես փայփայելու է Ղարաբաղը ամբողջովին Ադրբեջանին վերադարձնելու հույսերը:

Ադրբեջանից ավելի քան 30 տարի պահանջվեց շահեկան քաղաքական պահն օգտագործելու համար, որը կապված էր հայ հասարակության անկայունության և նրա ղեկավարության թուլության հետ` հաջող ռազմական գործողություն իրականացնելու և Ղարաբաղը գրեթե ամբողջությամբ վերադարձնելու համար: Հայկական բանակի տոտալ պարտությունը և տարածաշրջանի լիակատար կորուստը հայերի համար կասեցրեց միայն Մոսկվան՝ ռազմական գործողությունների չվերսկսման միակ երաշխավորը:

--00--ԱԹ