Խմելու մաքուր ջուր է մատակարարվել Ասկերանի Դաշուշեն համայնքի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

ջուր

Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա: Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, նախքան պատերազմը՝ օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցվում էր Շուշիից: Ռազմագործողություններից հետո գյուղը ջրից զրկվել է:

Համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանն ասում է, որ ընտանիքների մեծ մասը հրադադարից հետո վերադարձել են, բայց խմելու և առօրյա օգտագործման ջրի հարցն օրախնդիր է:

Գյուղը ջրաֆիկացնելու հարցով համայնքի ղեկավարը դիմել է ԱԻ պետական ծառայության տնօրենին:

Գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով այսօր հրշեջ փրկարարական մեկ ավտոմեքենայով 8 տոննա ջուր է մատակարարվել գյուղի գլխավոր ջրավազան:

Ավելացնենք, որ այն շարունակական կլինի, մինչև գյուղի ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի:

Ռուդիկ Ասլանյանն իր շնորհակալությունն է հայտնել փրկարար ծառայությանը, ի դեմս Կարեն Սարգսյանի, կենսական նշանակության հարցը լուծելու և դաշուշենցիներին աջակցելու համար:

--00--ԱԹ