Փաշինյանը հույս ունի՝ կհաջողվի կյանքի կոչել երկաթգծերի, ճանապարհների ապաշրջափակումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ТАСС» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակում անդրադարձ է եղել նաև պատերազմի շրջանում Հայաստանի տնտեսությանը հասցված վնասին: Թեմային առնչվող հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև:

ТАСС - Իսկ ինչպիսի՞ տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը: Գնահատականներ կա՞ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իհարկե, պարզ է, որ տնտեսական իրավիճակը մեզ մոտ՝ այնպես, ինչպես ողջ աշխարհում, բարդ է: Այն բարդացել էր դեռ մինչև պատերազմը, և դա կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ: Եվ հիմա մենք պետք է գնահատենք, թե ինչպիսի ազդեցություն է պատերազմն ունեցել տնտեսության վրա: Բայց հիմա մենք պետք է ոչ միայն հաշվենք վնասները, այլև կոնկրետ քայլեր անենք՝ տնտեսական կայունությունը վերականգնելու համար: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Իմ հրապարակած ճանապարհային քարտեզում կան կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են տնտեսական կայունության վերականգնմանը: Մենք աշխատում ենք և աշխատելու ենք այդ ուղղությամբ, և ես վստահ եմ, որ կոնկրետ քայլերը կբերեն կոնկրետ արդյունքներ:

ТАСС - Համատեղ հայտարարության մեջ խնդիր է դրված ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում: Կարելի՞ է արդյոք սա դիտարկել որպես ելակետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների աստիճանական կարգավորման համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, դա շատ կարևոր պահ է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք պետք է կենտրոնանանք դրա վրա: Որովհետև երբ խոսում ենք տնտեսական իրավիճակի կայունացման մասին ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք: Ահա մենք խոսում ենք տնտեսական իրավիճակի մասին, որն ստեղծվել է Հայաստանում: Բայց պետք է արձանագրել, որ տնտեսական իրավիճակն այնքան էլ լավ չէ տարածաշրջանի բոլոր երկրներում և ողջ աշխարհում: Դա կապված է կորոնավիրուսի համավարակի հետ, այսինքն՝ դա գլոբալ խնդիր է, տարածաշրջանային խնդիր է:

Իհարկե, այն քաղաքական պայմանավորվածությունը, որ կա տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առումով, կարող է ելակետ դառնալ մեր տարածաշրջանում ոչ միայն տնտեսական իրավիճակի, այլև տնտեսական զարգացման ողջ տրամաբանության փոփոխության համար: Եվ հուսով եմ՝ մեզ կհաջողվի կյանքի կոչել այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք արձանագրված են համատեղ հայտարարության մեջ: Մասնավորապես, նկատի ունեմ տնտեսական ենթակառուցվածքների, երկաթգծերի, ճանապարհների ապաշրջափակումը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

--00—ԼՄ