Փոքր դրամաշնորհներ՝ ուղղված ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարմանը․ ՏԿԵՆ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24News   

․

Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունները կցուցաբերեն հավելյալ աջակցություն Հայաստանի համայնքներին ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով առաջացած տնտեսական զարգացման մարտահրավերները լուծելու հարցում, տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

«Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» ծրագրի համատեքստում հավելյալ 460.000 ֆրանկ կուղղվի համայնքներին` ի աջակցություն բնակչությանն առավել արդյունավետ և մասնակցային կերպով հանրային ծառայություններ մատուցելուն:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգը համատեղ ներկայացրել են այս նախաձեռնությունը։

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հաստատել է նախարարության շահագրգռվածությունն ու դրամաշնորհային ծրագրի իրականացման աշխատանքներում մասնակցության պատրաստակամությունը․ «Համավարակով պայմանավորված՝ շատ բարդ ժամանակաշրջան է, բայց մենք պիտի անենք հնարավորինս ամեն ինչ՝ բարդությունները հաղթահարելու համար»: Փոխնախարարը նշել է, որ GIZ-ի հետ նախկինում իրականացվել են համայնքների տնտեսական աճին նպաստող ծրագրեր, և, հաշվի առնելով նախկինում ունեցած փորձը, վստահ է, որ այս ծրագիրը ևս կնպաստի տեղական տնտեսական զարգացմանը:

«Մենք կարծում ենք, որ ճիշտ ժամանակ է ընտրված իրականացնելու «Փոքր դրամաշնորհների ծրագիրը», որը ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում հնարավորություն կտա Հայաստանի համայնքներին իրականացնել վարչատարածքային բարեփոխումների գործընթացները: Մենք մեծապես կարևորում ենք ներդրումային աշխատանքներն ու շատ գոհ ենք, որ կարող ենք մեր մասնաբաժինն ունենալ այդ հարցում»,- ասել է ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը:

Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը շեշտել է, որ հաշվի առնելով Հայաստանում առկա ծանր իրավիճակը՝ նախաձեռնությունը հատկապես մեծ նշանակություն կարող է ունենալ․ «Համավարակի ազդեցությանը միանում են նաև պատերազմի հետևանքները: Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների ջանքերի շնորհիվ տրամադրած դրամաշնորհային այս նոր սխեման հնարավորություն է ընձեռում համայնքներին հաղթահարել առաջացած տնտեսական խնդիրնեը»:

Հայաստանի համայնքների անմիջական կարիքները հոգալու համար Շվեյցարիան և Գերմանիան յուրաքանչյուրը տրամադրում են 230․000 ֆրանկ: Առկա տնտեսական զարգացման ներուժի ավելի արդյունավետ օգտագործման նպատակով այս լրացուցիչ միջոցներն ուղղվելու  են «Փոքր դրամաշնորհների ծրագիր» ստեղծելուն:

Դրամաշնորհները հնարավորություն կտան համայնքապետարաններին բարելավել սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքները ,ինչպես նաև ստեղծել աշխատատեղեր, խթանել ինքնազբաղվածությունը, լուծել տնային տնտեսությունների եկամուտների խնդիրները, ապահովել տեղական արտադրության բազմազանություն և այլն: Ծրագիրը խթանելու է փոքր և միջին նախագծերը, որոնք կներկայացվեն համայնքապետարանների կողմից՝ տեղական (ոչ պետական) տնտեսական կազմակերպությունների հետ համատեղ:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը մանրամասնել է, որ տեղեկատվությունը կհայտարարվի երկու փուլով՝ գրանտային ծրագրի մենկնարկով, իսկ հետո՝ ավելի լայն հրապարակային հայտարարությամբ, որպեսզի ՏԻՄ-երը, ՀԿ-ներն ու մասնավոր հատվածը տեղեկացված լինեն՝  նշելով, որ ակնկալվում են ՏԻՄ-մասնավոր հատված համատեղ դիմումներ։

Համայնքապետարանները և (կամ) պետական-մասնավոր կոնսորցիումները կարող են իրենց նախագծի առաջարկները ներկայացնել փոքր դրամաշնորհային ծրագիրն իրականացնող կազմակերպություններին: ԳՄՀԸ-ն կհամակարգի դրամաշնորհներին դիմելու գործընթացը: Ծրագրային առաջարկների բյուջեները կարող են տատանվել 5․000-ից  20 000 եվրոյի միջև, որոնք կտրամադրվեն ԳՄՀԸ-ի միջոցով: Բացառիկ դեպքերում կարող է տրամադրվել մինչև 50.000 եվրո գումար՝ հատկապես միջհամայնքային նախագծերի համար:

«Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» ծրագիրն իրականացվում է ԳՄՀԸ, Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակը։

--00--ԱՀ