ՅՈւՆԵՍԿՕ-ն պատրաստ է ԼՂ առաքելություն ուղարկել` պատմական ժառանգության պահպանման համար

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ՅՈւՆԵՍԿՕ

ՅՈւՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանին ու Ադրբեջանին` ԼՂ հակամարտության ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի պատմական ժառանգության պահպանման հարցում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլը: Նա տեղեկացրել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն ծրագրում է ԼՂ հակամարտության գոտի մասնագետների խումբ ուղարկել:

«Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պաշտոնապես տեխնիկական օգնություն է առաջարկել կազմակերպության կողմից, որի ներկայացուցիչները մինչ այս պահը չեն կարողացել այցելել այս տարածքները: Նրանք կարող էին օգտակար առաքելություն ունենալ` բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնության դեպքում, կազմել առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական ցանկ` տարածաշրջանի ժառանգության առավել արդյունավետ պահպանության համար»,- ասել է նա:

ՅՈւՆԵՍԿՕ-ն պատրաստ է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` նման առաքելության պայմաններ ստեղծելու համար: Նախաձեռնվել են խորհրդակցություններ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ` ամենաբարձր մակարդակով:

--00--ԱԹ