Մայր թատրոնում ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24News   

ԿԳՄՍՆ

 Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում շինարարական և վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նոյեմբերի 19-ին այցելել են Մայր թատրոն՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նախարարին և փոխնախարարին տեղեկացրել է, որ այս պահին հիմնանորոգվում է թատրոնի կաթսայատունը, իսկ շինարարները նշել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի, և կաթսայատունը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա դեկտեմբերին: Վերանորոգվում են հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները: Հիմնովին վերանորոգվում են նաև ծառայողական անձնակազմին սպասարկող թվով 4 սանհանգույցները, որոնք գտնվում են 1-ին և 3-րդ հարկերում: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գ. Լուսավորիչ փողոցի կողմից: Պատերը կթարմացվեն, կտեղադրվեն թատրոնի տարբերանշանով համապատասխան ցուցատախտակներ:

Մուտքի դռան վերևում կտեղադրվի ժամանակակից ապակյա ծածկ, որը կփոխարինի նախկին քանդված ծածկին: Թատրոնի տնօրենն ընդգծել է, որ աշխատանքները կավարտվեն 2021 թվականի փետրվարին:

Նախարարի այցի ընթացքում քննարկվել են նաև թատրոնի 100-ամյակին նվիրված մի շարք հարցեր:

--00—ՄՀ