Իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի հայտարարությունները. վարչապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը արձագանքել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի՝ այսօր հնչեցրած որոշ հայտարարությունների:

«Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

Իսկ թե վարչապետին վերաբերյալ նրա հրապարակած փաստերը որքանով են հիմնավոր, բերեմ ընդամենը մեկ օրինակ:

Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմրիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել, մինչդեռ վարչապետի պաշտոնական կայքում հպարակված են վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին մամուլի հաղորդագրությունները: Վերջիններս տարածվել են նաև ԶԼՄ-ներին:

Ստորև ներկայացնում եմ հաղորդագրությունների հղումները.

1. www.primeminister.am

2. www.primeminister.am

Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքները ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները եւ դրանք պետք է հատիկ հատիկ պարզաբանվեն եւ գնահատականի արժանանան:

Լիազորված եմ տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ եւ ըստ պատեհության կանդրադառնա դրանց: Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաեւ վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում»:

--00--ԱԹ