Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել թաղեցու հետ վիճաբանության ընթացքում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News

Տեր-Նակալյան

Երեկ երեկոյան համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ հարձակման է ենթարկվել Ադեկվատ միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը։ ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են.

«Նոյեմբերի լույս 17-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «վերին շրթունքի և աջ ականջի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոստանտին Տեր-Նակալյանը։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ Կոստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ բանավիճել են։

Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել։

Ահազանգից րոպեներ անց տղամարդն իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։

Կոստանտին Տեր-Նակալյանը հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի ուղեգիր է տրվել նաև բերման ենթարկվածին։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։

--00--ԱԹ