Բնակիչների ժամանմանը զուգահեռ՝ Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերը գազ կունենան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

գազ

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է.

«Արցախի Հանրապետությունում այս օրերին լայն թափով իրականացվում են նաև գազամատակարարման համակարգերի վթարավերականգնողական աշխատանքներ: Ստեփանակերտի սեփական տներում և բազմահարկ շինություններում կրկին երկնագույն կրակից օգտվելու հնարավորություն կա: Մայրաքաղաքի բազմաբնակարաններում գազամատակարարումն անջատվել է անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով:

«Արցախգազ» ընկերությունից հայտնում են, որ բազմահարկ շենքերի գազամատակարարումը կվերսկսվի բնակիչների ժամանելուն զուգահեռ, քանի որ մեծ է հավանականությունը, որ պատերազմի ժամանակ, քաոսային իրավիճակում, շատերն անզգուշորեն գազասպառման սարքավորումները թողել են միացված:

Այս օրերին աշխատանքները շարունակվում են Ազատամարտիկների-Տիգրան Մեծ փողոցների հրետակոծված հատվածներում, որտեղ զգալիորեն տուժել են գազատարները: Նոր խողովակաշար կանցկացվի Իսակով-Սասունցի Դավիթ հասցեների բազմաբնակարանների գազամատակարարումը վերականգնելու նպատակով:

Արդեն լրիվությամբ վերականգնվել է Ասկերանի շրջանի, Բերձորի, Մարտակերտ քաղաքի և վերին ենթաշրջանի գազամատակարարումը: Երկնագույն կրակը վաղը հասանելի կլինի նաև Մարտունի, Ճարտար քաղաքում, ապա նաև Բերդաշենի ենթաշրջանում:

Աշխատանքները շարունակվում են, ցանկը լրացվում է և կհրապարակվի լրացուցիչ»:

--00--ԱԹ