Ժամանակին թթվածին էինք ներկրել Ռուսաստանից, այժմ ներկրում ենք Վրաստանից. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

Արսեն Թորոսյանը, անդրադառնալով այն թեզին, թե կան հիվանդանոցներ, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսային հիվանդությամբ, նշել է, որ այդպիսի հիվանդանոցներ կան: 

«Նրանց մի մասը նպատակային չեն զբաղվում կորոնավիրուսով, որովհետև մեզ համար եղել են ռեզերվային հոսպիտալներ՝ ռազմական գործողությունների ժամանակ այլ ուղղություններով ծավալվելու համար: Այդ նպատակով էլ դրանք նպատակային կերպով դատարկ են թողնվել:

Միաժամանակ, կան հիվանդանոցներ, որոնց թիվը շատ քիչ է, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսով, քանի որ ունեն թթվածնով ապահովման խնդիր: Ինչպես ամռանը, այժմ էլ թթվածինը հիմնական խնդիրն է: Ճիշտ է՝ ձեռք էինք բերել մեծ հզորություններ, մի քանի կայաններ՝ Եվրոպայից, այլ երկրներից, սակայն չկանխատեսված այսպիսի մեծ թվերը, ինչպես ամբողջ աշխարհում, կրկին թթվածնի պահանջարկը մեծացրել են: Ժամանակին մենք թթվածին էինք ներկրել Ռուսաստանի Դաշնությունից, այժմ ներկրում ենք Վրաստանից: Եվս 4 կայան ենք ձեռք բերել Չինաստանից»-ասել է նախարարը և հավելել, որ թթվածինը ձեռք ենք բերում դժվարությամբ, այդ թվում՝ Վրաստանից, քանի որ այն քվոտավորված է նույնիսկ երկրի ներսում:

«Մեր մաքսիմումի վրա ենք, դա միանշանակ: Կրկին ուշադրությունը պետք է դարձնենք թվերը նվազեցնելու վրա, ինչով պետք է զբաղվենք բոլորս և ինչի կոչ մենք միշտ անում ենք: Սա է այս մարտահրավերի դեմն առնելու մեր միակ գործիքը, նաև հաշվի առնելով, որ դիմացը ձմեռ է, երբ միշտ ակտիվանում են սուր շնչառական վարակները, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասել է առողջապահության նախարարը:

--00—ԼՄ