Որոշ բնակավայրերում ու ճանապարհներին անշարժ պահակետեր են տեղակայվել. Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Արդեն տևական ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները շուրջօրյա ձեռնարկում են բազմաբնույթ միջոցառումներ՝ հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր են տեղակայվել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին և իրականացվում են համապատասխան ստուգումներ։ Այս միջոցառումների շնորհիվ է, որ միայն վերջին օրերին հայտնաբերվել են ընդհանուր մի քանի տասնյակ ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, ընդհանուր մի քանի տասնյակ տարբեր տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, տարբեր հրազենների և տրամաչափի ընդհանուր մի քանի հազար փամփուշտ, օպտիկական ու ջերմատեսիլ սարքեր, կապի միջոցներ, հանդերձանք և այլն։

Ոստիկանությունը շարունակելու է այս ուղղությամբ նույն հետևողականությամբ շուրջօրյա միջոցառումները։ Հորդորում ենք Արցախից ապօրինի կերպով Հայաստան բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00--ԱԹ