Այս որոշումը կայացվեց, երբ ակնհայտ էր`պատերազմը բեկելն անհնար էր. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացու հետ հերթական զրույցի ժամանակ անդրադարձել է ստեղծված իրավիճակում իր մեղքի բաժնին: Նա հիշեցրել է` երբ «փոխզիջում» բառն արտաբերեց, դա ցավոտ ընդունվեց հասարակության կողմից, ապա նշել` ինչ կլիներ, եթե խոսեին 5 տարածքների վերադարձի մասին:

«Ի՞նչ էր ասելու հայ հանրությունը, ասելու էր` ոչ, մենք կգնանք, կկռվենք, կպաշտպանենք մեր ժողովրդի իրավունքները: Ինչո՞ւ պատերազմի 3-րդ, 4-րդ, 5-րդ օրը չփորձեցինք կանխել հետագա զարգացումները: Սկզբնական շրջանում պատերազմը բավական հաջող էր ընթանում հայկական կողմի համար, և ըստ էության` պատերազմը կանխելու պայմանը նույնն էր. եթե մենք մեծ հաջողություն չէինք ունենում, ռազմաճակատի իրադրությունը չէր փոխվում, պայմանը նույնն էր` 5 տարածքի վերադարձ`առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու, նաև կարգավիճակի ճշգրտման հստակ մեխանիզմի բացակայություն»,- ասել է նա:

Փաշինյանն ընդգծել է` պատերազմի մեկնարկից հետո այլևս խոսքը չէր լինելու 5 , այլ 7 տարածքների մասին, մանավանդ ինչ-որ փուլից հետո, ընդ որում գնալով ավելի ընդլայնված սեգմենտով:

«Ինչո՞ւ այդ փուլերից որևէ մեկում որևէ նման որոշում չկայացվեց. պարզ մի պատճառով` մենք ուզում էինք բեկել, ՊԲ-ն, Գլխավոր շտաբը, բոլորս, ժողովուրդը ուզում էր բեկել պատերազմի ընթացքը: Ե՞րբ է, որ կայացվեց այսպիսի ցավոտ որոշում. երբ արդեն ակնհայտ էր, որ մենք պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն չունենք: Մեր առաջ դրած էր խնդիր` խուսափել վատթարագույնից»,- ասել է նա:

--00--ԱԹ