ԼՂ ժողովուրդը Ցեղասպանության վտանգի առաջ է, իսկ աշխարհն ուրիշ կողմ է նայում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Ջոն

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, որը վերջերս այցելել է Արցախ՝ տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին և ներկայացնելու ադրբեջանական հարձակումների հետևանքները, հարցազրույց է տվել իսպանական Բիլբաո քաղաքի Հանրային ռադիոյին: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Ինյառիտուն շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը կանգնած է Ցեղասպանության վտանգի առաջ, իսկ աշխարհն այլ ուղղությամբ է նայում»:

Բացի այդ, իսպանացի գործիչն ուղղակիորեն մատնանշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղավորությունը, որն, «այրում է իր շուրջն ամեն ինչ»:

«Փորձում են այնպես անել, որ ականատեսներ չլինեն՝ թաքցնելու համար իրողությունը: Տեսել ենք տեղահանվածների, վիրավորների, ինչպես նաև ականատես ենք եղել հարձակման ենթարկված հիվանդանոցների և շուկաների»,- ասել է պատգամավրը:

«Սա պարզապես կրոնական պատերազմ չէ: Ռազմական հանցագործություններ են տեղի ունենում: Բացի այդ, Բաքուն ավելի քան 2000 իսլամիստ գրոհայիններ է բերել Սիրիայից Արցախի դեմ կռվելու համար: Ռազմական հանցագործությունների պարագայում այս սցենարի դեպքում միջազգային հանրությունն արագ կարձագանքեր, սակայն Լեռնային Ղարաբաղի դեպքում աշխարհն ուրիշ կողմ է նայում»,- հավելել է Ինյառիտուն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։