ԼՂ-ի մարտահրավերը դրական թեսթ է Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ ռազմավարական կապի համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել հունական Kathimerini օրաթերթին, որի շրջանակում անդրադարձել է ԼՂ-ում ծավալված ռազմական գործողություններին և դրա շրջանակում նավթամուղին հարվածելու՝ հայկական կողմի մտադրությանը:

Թեմային առնչվող հատվածը ներկայացնում ենք ստորև:

Kathimerini- Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և նրա հետ կնքել է ռազմական պայմանագրեր, որոնք չեն ներառում Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանը: Հակամարտության ընթացքում Մոսկվան իրեն պահում է որպես խաղաղության հասնելու համար ազնիվ, անկողմնակալ միջնորդ: Ակնկալու՞մ էիք ավելին Ձեր ազգի համար այս ամենադժվար պահերին:

- Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և Մոսկվան հավատարիմ է մնում Երևանի հետ ունեցած անվտանգության մասին պայմանագրերին: Նախագահ Պուտինը հստակ նշել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հարգել Հայաստանի հետ ունեցած յուրաքանչյուր պայմանագիր, և դա բացարձակապես հստակ ուղերձ է: Մինչ Ռուսաստանը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ջանք չի խնայում մարտերը դադարեցնելու համար, Թուրքիան լիովին խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը՝ իր չարամիտ ազդեցությամբ և միջամտությամբ թեժացնելով պատերազմը:

Հաշվի առնելով դա՝ «Վալդայ» ակումբում վերջերս կայացած քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է, որ չնայած, ընդհանուր առմամբ, երկկողմ հարաբերությունները դրականորեն աճում են, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի և Ռուսաստանի շահերը չեն համընկնում:

Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական մրցակցության համատեքստում Ռուսաստանը Հայաստանում դիտարկվում է որպես հակամարտող կողմերի միջև վստահելի և ակտիվ միջնորդ: Այս հարցում Ռուսաստանը կարևոր դեր է խաղում և ցույց է տվել իր նվիրվածությունը հակամարտության խաղաղ լուծումը գտնելուն` հոկտեմբերի 10-ին միջնորդելով հրադադարի հաստատումը: Եվ պետք է ընդունենք, որ դա համարձակ և ժամանակին արված քայլ էր, չնայած ադրբեջանական կողմը շարունակեց մնալ ագրեսիվորեն համառ և լիովին կործանարար դիրքում: Անկախ այն ջանքերից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ բոլոր երեք նախագահները ներդրել են հրադադարի հաստատման համար, Ադրբեջանը խախտել է դրանք բոլորը, և մարտերը շարունակվում են:

Հաշվի առնելով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը (ինչպես մենք ենք ասում) Հայաստանի անվտանգության գերակա շահն ու գերակայությունն է, և Երևանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և ապահովության համար, հայկական կողմը նախաձեռնել է պարբերական և համապարփակ խորհրդակցություններ ռուսական կողմի հետ: Հակամարտության այս փուլում առանցքային խնդիրներից մեկը, որը երկկողմ մտահոգություն է առաջացնում Երևանում և Մոսկվայում, Սիրիայից, Լիբիայից և այլ վայրերից ջիհադիստների հայտնվելն է, որոնց Թուրքիան տեղափոխում է Ադրբեջան՝ հայերի դեմ պայքարելու համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ նրանցից շուրջ 2000-ն արդեն հասել է տարածաշրջան: Տասնամյակներ շարունակ տարածաշրջանը զերծ է եղել իսլամական ֆունդամենտալիզմից, և այժմ Ադրբեջանի ներսում ունենք այնպիսի ոչ պետական դերակատար, որն ահաբեկչությունն օգտագործում է որպես անմարդկային նոր գործիք խաղաղ բնակչության դեմ: Սա շատ կործանարար գործոն է տարածաշրջանի ապակայունացման համար, ինչը բնորոշ չէ մեր տարածաշրջանին, և իրոք լուրջ մարտահրավեր է ոչ միայն տարածաշրջանային ուժերի, այլև, առաջին հերթին, կովկասյան երկրների համար, քանի որ ջիհադիստական վարձկաններն Ադրբեջանում մեծացնում են անվտանգության ռիսկերը գլոբալ նախագծերի և օտարերկրյա ենթակառուցվածքային ներդրումների համար: Ի դեպ, այդ վարձկաններն իրական ուղղակի սպառնալիք են նաև հենց ադրբեջանական հասարակության համար:

Հայաստանը գնահատում է Մոսկվայի, որպես պայմանագրային դաշնակցի և ազնիվ միջնորդի ջանքերը՝ դադարեցնելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված հրդեհածին և հիբրիդային պատերազմը, և ես վստահ եմ, որ մեր առջև ծառացած այս մարտահրավերը դրական թեսթ է Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ ռազմավարական կապի համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

--00—ԼՄ