Սեզոնային գրիպը կարծես մոռացության է մատնվել. ԱՆ զգուշացումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով.

«Այս օրերին հանրության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, և այս համատեքստում մյուս խնդիրները կարծես մղվում են հետին պլան: Միևնույն ժամանակ, Հայաստանի ողջ տարածքում դիտվում է ինչպես կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ, այնպես էլ սուր շնչառական վարակների և սեզոնային գրիպի աշխուժացում` պատերազմի պայմաններում էլ ավելի ծանրաբեռնելով առողջապահական համակարգը:

Առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունքում արդեն իսկ առկա է հիվանդանոցների մահճակալային ֆոնդի անբավարարություն, և այդ միտումները շարունակվելու դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ռիսկի խմբի անձանց, նույնիսկ հիվանդության ծանր և կյանքին սպառնացող դեպքերում, հնարավոր չի լինի հոսպիտալացնել և համարժեք բուժում տրամադրել, որը, ցավոք, կնպաստի մահվան դեպքերի աճին:

Եթե հանրության շրջանում կորոնավիրուսային հիվանդության առումով կան որոշակի մտահոգություններ, թե ինչպես խուսափել և կանխարգելել կորոնավիրուսային հիվանդությունը, ապա այս իրավիճակում սեզոնային գրիպը կարծես մոռացության է մատնվել, այն դեպքում, երբ վերջինիս կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումը, հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ»: