Այս պահին ներքին թշնամանք հրահրելու փորձը դավաճանություն է․ Արա Սաղաթելյան․ News.am

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 8,  24News  

Սաղաթելյան
Պատերազմի այս ծանր պահին ակնհայտ կեղծիքով ներքին թշնամանք հրահրելու և թիկունքը թուլացնելու ցանկացած փորձ տականքություն, պետական դավաճանություն է և անհետևանք չի մնալու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։

-Պարոն Սաղաթելյան, երեկ սոցցանցի պրոիշխանական օգտատերերից մեկը իբր ձեր էլեկտրոնային փոստի նամակագրության տեսանյութն էր հրապարակել։ Մինչդեռ անզեն աչքով էլ տեսանելի էր, որ դա կեղծիք է, քանի որ անգամ Google-ից ստացվող տեխնիկական նամակներն էին վերագրել «Ara Saghatelyan» անունով օգտատիրոջը։ Ըստ ձեզ, ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում և ինչո՞ւ։

-Ինձ համար ակնառու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները։ Ես դիմել եմ համապատասխան պետական պաշտոնյաներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն և հայտնել եմ, որ ծայրից ծայր զրպարտություն հանդիսացող այդ ստոր կեղծիքը անհետևանք չի մնալու:

-Ի՞նչ հետևանքների մասին է խոսքը, իրավական գործընթաց եք նախաձեռնելո՞ւ:

-Իմ խնդրանքով փաստաբաններն արդեն դատական հայց են պատրաստում։ Գուցե արդեն ավարտել են, այս պահին այստեղ՝ Արցախում, հեռախոսակապի հետ խնդիրներ ունեմ, մանրամասներով հետաքրքրվելու հնարավորություն չեմ ունեցել:

Իսկ երբ պատերազմն ավարտվի շատ կոնկրետ մարդիկ, շատ կոնկրետ հարցերի պատասխանելու պարտավորություն կունենան։

--00—ՄՀ