Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է. վարչապետը՝ ARD հեռուստաալիքին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին։ Հարցազրույցը ներկայացվում է ստորև.

ARD – Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է ԵՄ-ն անի։ Արդյոք ԵՄ-ն պե՞տք է խաղաղապահներ ուղարկի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես խաղաղապահների հետ կապված հարցին արդեն պատասխանեցի։ Մենք պետք է հաշվի առնենք նաև տարածաշրջանի այլ պետությունների դիրքորոշումները: Պետք է այնպես անենք, որ խաղաղապահներն իրոք կայունություն և ոչ թե անկայունություն, անհանգստություններ առաջ բերեն: Կարծում եմ՝ ռուսական խաղաղապահներն ամենահարմար և ճիշտ դերակատարներն են այս պրոցեսի ընթացքում:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ես արդեն բազմիցս ասել եմ, բազմաթիվ հարցազրույցներում արտահայտել եմ իմ կարծիքը, որ Եվրամիությունն, այո՜, կարող է աջակցել պրոցեսին՝ հստակ արձանագրելով, թե ով է եղել այս պատերազմի նախաձեռնողը, հստակ արձանագրելով տարածաշրջան վարձկանների տեղափոխման փաստը: Ի դեպ, մենք արդեն երկու վարձկան ունենք, որոնք գերեվարվել են Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից, և նրանք իրենց ցուցմունքներում հստակ ի ցույց են դնում, թե ինչ պրոցես է տեղի ունեցել։ Սա շատ կարևոր բովանդակային կողմ է:

Օրինակ, այդ վարձկաններից մեկն ունի չորրորդ դասարանի կրթություն, մյուսը վարձկանն ընդհանրապես գրագետ չէ, այսինքն՝ ո՜չ կարդալ, ո՜չ գրել չգիտի: Այդ մարդիկ բերվել են Սիրիայում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Ըստ էության՝ կրթական ցենզ, տառեր չիմացող մարդկանց են բերում, նրանց ինչ-որ արժեքներ են ներարկում, ներշնչում են, որ ահա այստեղ ապրում են թշնամիներ:

Իմիջիայլոց, այստեղ շատ հետաքրքիր մի բան կա: Ցանկանում եմ զուգահեռներ անցկացնել։ Ցանկանում եմ բոլորս արձանագրենք, որ Թուրքիան Սիրիայում իր հսկողության տակ գտնվող տարածքներից այս մարդկանց հավաքագրում է, տեղափոխում է իր տարածք, հետո Թուրքիայից տեղափոխում են Ադրբեջան, հետո տեղափոխում են Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների գոտի։ Նրանց խոստանում են ամսական 2000 ԱՄՆ դոլար և, շատ կարևոր է՝ պարգևավճար նրանց համար, ովքեր կկտրեն «անհավատների» գլուխները՝ ամեն գլխի համար 100 ԱՄՆ դոլար: Ո՞չ մի նմանություն չեք տեսնում որևէ այլ տեղում տեղի ունեցող ոչ մի իրադարձության հետ:

Այս է պատճառը, որ, իմ գնահատմամբ, հիմա սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային պատերազմ է։ Այն ծավալվում է բոլոր ուղղություններով: Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների դեմ, մահմեդականների դեմ, հուդայականների դեմ: Ցանկանում եմ պարզաբանել թե ինչու եմ համարում, որ նաև մուսուլմանների դեմ է ուղղված։ Որովհետև նախ մուսուլմանների սխալ կերպար է ստեղծվում ամբողջ աշխարհում և երկրորդը՝ կրթություն չունեցող, տառերը չճանաչող և համապատասխան, թող ներվի ինձ, շատ նեղ և տեղային աշխարհայացք ունեցող մարդկանց անգրագիտությունն օգտագործվում է նեղ քաղաքական, կոնկրետ քաղաքական նպատակների համար։ Եվ մենք գիտենք, թե ով է կազմակերպում դա: Մենք այդ նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում։ Նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Վիեննայում, Կանադայում, Ֆրանսիայում։

Եվ նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Ռուսաստանում՝ մի փոքր այլ դրսևորումներով: Մենք այս վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի հաղորդագրություններ տեսանք Հյուսիսային Կովկասում ահաբեկչական խմբերի գործունեության մասին, որոնք Ռուսաստանի իրավապահների կողմից էֆեկտիվ կերպով ոչնչացվեցին: Եվ, իմիջիայլոց, շատ կարևոր է՝ սա ևս ապացուցում է, որ այս պատերազմը հավասարաբար ուղղված է նաև մուսուլմանների դեմ, որովհետև մենք տեսնում ենք արաբական մի շարք երկրների շատ արժեքավոր արձագանքը տեղի ունեցողին։

Մենք տեսնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության շատ արժեքավոր արձագանքը տեղի ունեցողին։ Որովհետև այս մարդկանց ներկայությունը մեր տարածաշրջանում նույնպիսի սպառնալիք է համարում իր անվտանգությանն Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնպիսի սպառնալիք են համարում իրենց համար բազմաթիվ արաբական երկրներ:

--00--ԱՀ