Բելգիահայերը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել են Ադրբեջանի կողմից արգելված զենքի կիրառումը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24News  

Բելգիա

Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների բաժնի` Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող թիմի ղեկավար Ջիանմարկո Սկուպայի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` hանդիպմանը մասնակցել են Բելգիայում Հայաստանի հարցերով զբաղվող անկախ իրավաբանը, Եվրախորհրդարանում քաղաքականության մշակման հարցերով զբաղվող խորհրդատուն, Բելգիայի հայ կոմիտեի, ինչպես նաև Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության միջազգային դաշինքի ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակը եղել է հոկտեմբերի 28-ին հայ համայնքի անունից Եվրախորհրդարան ներկայացված մի շարք պահանջների քննարկումը: Դրանք վերաբերվում էին Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն, շփման գծի երկու կողմերում մոնիտորինգ անցկացնելուն և Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից զրկելուն: Քննարկվել են Արցախի ճանաչման, ինչպես նաև կասետային ռումբերի ու ֆոսֆորային զենքերի օգտագործումը կանխելու ուղղությամբ հստակ քայլեր կիրառելու վերաբերյալ հարցեր:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային ներկայացվել են բազմաթիվ փաստեր Արցախում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ, ինչպես նաև էկոլոգիական բոլոր այն խնդիրները, որոնք այսօր ծառացել են Արցախի առաջ:

Հանդիպման մասնակից իրավապաշտպան Սարգիս Սիմոնյանն ընդգծել է, որ Արցախում տեղի ունեցող վայրագությունները կանխելուն միտված քայլեր չձեռնարկելը ոչ միայն չի տեղավորվում ժողովրդավար Եվրոպայի սկզբունքների համատեքստում, այլև նպաստում է նոր հանցագործությունների կատարմանն ու տեռորիստական խմբավորումների ակտիվացմանը:

Ջիանմարկո Սկուպան լավ գաղափար է համարել հայկական կողմի այն առաջարկը, որ Եվրոպայից անկախ փորձագիտական խմբեր գործուղվեն Հայաստան և Ադրբեջան: Թե որքանով այն հնարավոր կլինի կյանքի կոչել, կփորձեն հասկանալ առաջիկա քննարկումների ժամանակ: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ իրենք հետևում են Մինսկի խմբի համանախագահող երկրների քայլերին ու կապի մեջ են նաև Բելգիայում ՀՀ դեսպանի հետ: Նա պատրաստակամություն է հայտնել ԵՄ հանձնաժողովում մանրամասն քննել առաջ քաշված բոլոր հարցերն ու երկշաբաթյա ժամկետում հանգամանորեն ներկայացնել իրենց կարծիքն ու գործողությունների ծրագիրը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ