Եթե Արցախը պարտվի, կպարտվի նաև Եվրոպան. Փարիզի փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News  

քաղաքապետ

Եթե ​​Արցախը պարտվի, կպարտվի Հայաստանը, եթե Հայաստանը պարտվի՝ կպարտվի Եվրոպան: Այս մասին հայտնել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը Nation News-ին տված հարցազրույցում:  Գրել է 1lurer.am-ը:

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը նշել է, որ այսօր թուրք-ադրբեջանական ազգայնականները շրջում են Ֆրանսիայի փողոցներում` «մենք հայ ենք փնտրում, մենք հայ ենք որսում» կոչերով: Նրա հավաստմամբ՝ սա միանշանակ կապված է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

«Այսպիսով և՛ Էրդողանը, և՛ Ալիևը փորձում են խթանել իրենց հակահայկական քարոզչությունը, նրանց պետք է ատելություն սերմանել հայերի նկատմամբ»,- ընդգծում է Փարիզի փոխքաղաքապետը:

Նրա կարծիքով՝ եթե Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը միակ տարբերակն է, որը կապահովի Արցախի ժողովրդի խաղաղությունը, ապա այդ քայլը պետք է արվի:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։ Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ: Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարված վարձկանները հաստատել են՝ Թուրքիան հավաքագրում է իրենց և ուղարկում Ադրբեջան:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։ Ադրբեջանը պայմանավորվածությունը խախտելու ավանդույթը կիրառեց նաև Ժնևում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները:

Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 141 մարդ, որից 120 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 101-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Աղբյուրը՝ 1lurer.am։

--00—ՄՀ