ԱՄՆ-ի առաջարկի հետքերով. որքանո՞վ է հնարավոր սկանդինավյան խաղաղապահների մուտքը ԼՂ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

խաղաղապահ

Քաղաքագետ Դենիս Դենիսովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ցանկացած երկրից խաղաղապահ առաքելության ներգրավումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի մանդատի առկայության դեպքում: Սակայն, նախքան այն ստանալը, պետք է, որ հակամարտության կողմերն իրենք դիմեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` համապատասխան դիմումով: Այս մասին քաղաքագետը նշել է Izvestia-ի հետ զրույցում:

Դրանից հետո ՄԱԿ-ի շրջանակներում հանձնաժողով կկազմվի, որը կժամանի Լեռնային Ղարաբաղ և կսկսի վերլուծել կողմերի դիրքորոշումները, կընտրի տեղակայման վայրեր:

«ԱՄՆ-ի հնչեցրած առաջարկի դեպքում պետք է նաև հասկանալ` լինելու է ամբողջական կազմով ռազմական առաքելություն` 25-30 հազար խաղաղապահներո՞վ, թե՞ մի քանի հազար դիտորդ»,- պարզաբանել է քաղաքագետը: 

Նա նաև ընդգծել է` Բաքուն դժվար թե համաձայնի որևէ խաղաղապահ առաքելության տեղակայմանը, քանի որ նույն պահին իսկ Թուրքիայից կստանա ԱՄՆ-ին զուգահեռ առաջարկ, չնայած Սպիտակ տան պնդումներին, որ հարևան երկրներից խաղաղապահ առաքելությունն անթույլատրելի է, Անկարան կշարունակի պնդել, որ իր խաղաղապահները ևս պետք է մուտք գործեն Ղարաբաղ` սկանդինավյան առաքելության հետ համատեղ:

--00--ԱԹ