Մեկնարկել է քոլեջներ հեռակա ուսուցման դիմում-հայտերի ընդունման գործընթացը․ ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24News 

քոլեջ

Մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։

Հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգով` մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, ժամը 18:00:

Դիմորդները դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են փոփոխել՝ մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:

Դիմորդը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում-հայտը, որն իր մեջ ներառում է նրա անձնական տվյալները, ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը։

Դիմորդը կից ներբեռնում է նաև`

1) լուսանկար,

2) կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

4) կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

5) իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում),

6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճենները (առկայության դեպքում),

7) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),

8) աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),

9) դիմում-հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագրի պատճենը:

Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:

Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ վճարովի ուսուցման հիմունքով:

Դիմորդի դիմում-հայտը ընդունող հանձնաժողովի կարող է մերժել դիմորդի դիմում-հայտի և/կամ փասթաթղթերի թերի ներկայացման դեպքում, եթե թերությունները դիմորդը չի վերացնում` այն ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ` նշելով մերժման հիմքը, որի մասին նույն օրը տեղեկացվում է դիմումատուին՝ հեռախոսակապի և դիմումատուի էլեկտրոնային հասցեի միջոցով:

Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` հաստատության տնօրենի (ռեկտորի) հաստատած ժամանակացույցի համաձայն:

Դիմորդը միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար հաստատության հաշվեհամարին վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում։

--00—ՄՀ