Ինքնաթիռով հարվածել են Շուշիին. կասետային ռումբերի մնացորդներն ընկել են Քարին Տակում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Բերդաքաղաք Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ ներկայացնելով առավոտյան ժամը 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակը:

«Մի քանի անգամ հարվածել են Շուշի քաղաքին. ինքնաթիռ էր, որի միջոցով օգտագործել են կասետային ռումբեր, որոնք թափվել են քաղաքի տարբեր հատածներում, մնացորդներն էլ ընկել են Քարին Տակ գյուղում: Փառք Աստծո, խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք, սակայն քաղաքի տարբեր հատվածներում ավերածություններ կան: Երեկ էլ էին ավիացիայով հարվածներ հասցնում քաղաքին, այսօր էլ շարունակում են»,- ասել է Արծվիկ Սարգսյանը:

Ըստ աղբյուրի՝ դեռ չգիտեն, թե հարվածների հետևանքով ինչ ենթակառուցվածքներ են վնասվել, պետք է ուսումնասիրեն, վնասված ենթակառուցվածք ունենալու դեպքում տեղի մասնագետները շատ արագ կարողանում են վերականգնել:

«Խաղաղ բնակչությունը ներկա պահին ռմբապաստարաններում է, նրանք պահում են անվտանգության կանոնները, ապահով են»,- ասել է Արծվիկ Սարգսյանը:

--00—ԼՄ