Ալիևը ակնհայտ հավակնություններ է ներկայացնում ՀՀ ճանաչված սահմանների նկատմամբ․ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Տաթևիկ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը թիրախավորելու փաստին՝ հիշեցնելով այս տարվա հունիսի 3-ին Ադրբեջանի նախագահի արած հայտարարությունը Հայաստանի տարածքների վերաբերյալ:

«Եվ մինչ Ադրբեջանը թիրախավորում է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը, որի հետևանքով կա 1 զոհ և 2 վիրավոր, հիշեցնեմ Ալիևի՝ այս տարվա հունիսի 3-ին արված հայտարարությունը, որտեղ անթաքույց տարածքային հավակնություններ է ներկայացնում ՀՀ ճանաչված տարածքների նկատմամբ: Իր ելույթում, մասնավորապես, Բաքվի բռնապետը ասել է.

«Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է հնագույն ադրբեջանական հողերում: Դա փաստ է, պատմական փաստ...

Մեր հինավուրց մարզը՝ Զանգեզուրը, նույնպես հանձնվեց Հայաստանին։ Զանգեզուրի հանձնման հետ միասին տեղի ունեցավ թուրքական մեծ աշխարհի բաժանումը, Ադրբեջանի հիմնական մասը զրկվեց Թուրքիայի հետ սահմաններից ...»:

Սա առաջին անգամ չէ, որ Ալիևը ակնհայտ հավակնություններ է ներկայացնում ՀՀ ճանաչված սահմանների նկատմամբ, նման հայտարարություններ եղել են 2018 թ. փետրվար 10-ին, 2017 թ. մարտի 31-ին, 2015 թ. մարտ 19-ին, 2013 թ. հոկտեմբերի 7-ին: 

Թեև Ալիևը փորձում է ամբողջ աշխարհին «համոզել», որ չունի տարածքային հավակնություններ ՀՀ-ի նկատմամբ, բայց նրա նախկին բոլոր հայտարարությունները և քայլերը հակառակի մասին են փաստում:

Հաշվի առնելով նաև Թուրքիայի ներգրավածության գործոնը՝ ակնհայտ է, թե ինչ նպատակ է իր առջև դրել ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմը: Բայց մենք նրանց ջարդել ենք և ջարդելու ենք: Մենք չհաղթելու իրավունք ու հնարավորություն չունենք»,-ասված է Տաթևիկ Հայրապետյանի գրառման մեջ:

--00--ԱՀ