Վարձկանների թեման արդեն միջազգայնորեն հաստատված փաստի կարգավիճակ ունի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Արդեն 3 անգամ հրադադար է հայտարարվել Լեռնային Ղարաբաղում: Ինչո՞ւ է այն ամեն անգամ ձախողվում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցին է անդրադարձել Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Որովհետև Ադրբեջանը խախտում է այդ հրադադարը: Որովհետև և՛ Ադրբեջանը, և ՛ Թուրքիան, ըստ էության, հայտարարում են, որ չեն պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները: Եթե մենք հրապարակային հայտարարություններին հետևենք, ակնհայտ կդառնա, թե ինչն է պատճառը, որ չեն դադարում ռազմական գործողությունները: Որովհետև՝ երբ մենք արձանագրենք փաստերը՝ կարևոր և հիմա արդեն միջազգայնորեն ճանաչված փաստ է, օրինակ, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների տեղափոխել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը նախաձեռնելու համար: Եվ ահաբեկիչներին տարածաշրջաններ չեն տեղափոխում խաղաղության կամ հրադադարի համար: Ահաբեկիչներին և վարձկաններին տեղափոխում են պատերազմի համար»:

Լրագրողը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, թե «Հայաստանը որևէ փաստ չի ներկայացրել, որ հակամարտության գոտում կան վարձկաններ»:

«Հիմա համացանցը հեղեղված է այդպիսի փաստերով, տեսանյութերով: Ընդ որում՝ գիտեք, որ հեռախոսով արված տեսանյութերը հնարավորություն են տալիս որոշակի ծրագրերով իրենց գեոլոկացիան ճշտել, թե դա որտեղ է տեղի ունեցել: Եվ մենք տեսնում ենք, որ ահաբեկիչներն իրենց ահաբեկչական ակտից հետո նկարահանումներ են իրականացրել: Այդ նկարահանումները հայտնվել են համացանցում, և այդ գեոլոկացիայով մենք կարողանում ենք ապացուցել և տեղորոշել, թե որտեղ է արվել այդ նկարահանումը: Եվ ընդհանրապես մենք բազմաթիվ փաստեր ենք ներկայացրել: Բայց նույնիսկ մինչև մեր ներկայացումը՝ արդեն Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, նաև Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել և ընդունել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործում են վարձկաններ և ահաբեկիչներ: Ես կարծում եմ՝ այդ թեման արդեն միջազգայնորեն հաստատված փաստի կարգավիճակ ունի, և սրանով ամեն ինչ ասված է»:

--00--ԱԹ