Մոսկվան միջնորդ է և պետք է գործի բալանսավորման տրամաբանության մեջ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը.

Հարց - Մտադի՞ր եք դիմել Մոսկվային՝ միջամտելու համար: Եթե այո, դա կլինի հումանիտա՞ր, թե՞ ռազմական մակարդակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մոսկվայի միջամտության հարցը պետք է մի քանի տրամաբանության մեջ նայել: Կա Մոսկվա, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և կա Մոսկվա, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Մոսկվան միջնորդ է և պետք է գործի բալանսավորման տրամաբանության մեջ, ինչը հասկանալի է: Եվ ես ասել եմ, որ կողմ եմ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար: Ըստ էության՝ Հայաստանի և Ղարաբաղի համար դա ընդունելի է, և դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, ինչպես ռուսաստանցի գործընկերներն են ասել, եթե Ադրբեջանը նույնպես դրան կողմ լինի: Եվ ընդհանրապես ցանկացած խաղաղապահ կարող է տեղակայվել կողմերի համաձայնության պարագայում: Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական գործընկեր Մոսկվային, Ռուսաստանի մեր գործընկերներն ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում իրենք իրենց դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ ռազմական, կկատարեն:

Հարց - Որևէ ուրիշ երկիր հանդես եկե՞լ է օտարերկրյա խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղ ուղարկելու առաջարկով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Երկիր չկա, բայց բանակցային գործընթացում միշտ էլ այդ թեման արծարծվել է, և տարբեր կարծիքներ կան խաղաղապահների կազմի վերաբերյալ: Բայց մենք կարծում ենք, որ օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է:

Հարց - Գյանջայում խաղաղ բնակչության ռմբակոծումը Լեռնային Ղարաբաղի ուժերի կողմից արդյոք խաթարո՞ւմ է Հայաստանի՝ իր ժողովրդին պաշտպանելու դիրքորոշումը: Չե՞ք կարծում, որ այդ ռմբակոծությանը քաղաքացիական օբյեկտների թիրախավորմամբ արձագանքելը խաթարում է Ձեր դիրքորոշումը միջազգային հանրության շրջանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Որովհետև հարցն այն է, թե ինչու է Գյանջան հրթիռակոծվել: Իսկ ինչո՞ւ է հրթիռակոծվել Ստեփանակերտը 10 օր շարունակ կամ ավելի երկար: Ինչո՞ւ են հրթիռակոծվել և ռմբակոծվել Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին, Շուշին: Ինչո՞ւ է հրթիռակոծվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Ընդ որում, եթե մեկ արկ ընկած լիներ, մենք կարող էինք համարել, որ պատահականություն է տեղի ունեցել: Բայց երկու անգամ Շուշիի հայկական եկեղեցին ռմբակոծվել է: Ինչի՞ համար է ռմբակոծվել:

Հարց - Բայց արդյոք, պատասխանելով նույնկերպ, չե՞ք թուլացնում Ձեր դիրքորոշումները միջազգային հանրության առաջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը Գյանջայում ունեցել է ռազմական թիրախներ և հարվածել է ռազմական թիրախներին: Գուցե այդ ռազմական թիրախների հետ տուժել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բայց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում (եկեղեցին հրթիռակոծվել է Ադրբեջանի ուժերի կողմից – հեղինակի կողմից) ռազմական թիրախ չկա:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս