Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Բորել

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Մնացականյանը բարձր ներկայացուցիչ Բորելին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված երրորդ պայմանավորվածության խախտման և դրա արդյունքում Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման վերաբերյալ:

Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց, որ Բարձր ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում ուժեղ հրթիռակոծման են ենթարկվում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին, հատուկ թիրախավորվել է նաև Ստեփանակերտի բուժհաստատությունը: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ նաև ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությանը:

Անդրադառնալով Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ապակայունացնող գործողություններին՝  նախարար Մնացականյանն ընդգծեց, որ նմանօրինակ գործողությունները սպառնալիք են հանդիսանում և տարածաշրջանային, և միջազգային անվտանգության համար:

ՀՀ արտգործնախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության շրջանակներում։ 

Երկուստեք ընգծվեց  կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և կայուն, վերահսկելի հրադադարի հաստատման անհրաժեշտությունը:

--00--ԱԹ