Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների ասորիները հայ ժողովրդի կողքին են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29 24News    

ասորի

Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիայի առաջին իսկ օրվանից թե Հայաստանի, թե աշխարհի տարբեր երկրների ասորիներն իրենց աջակցություն են հայտնում հայ ժողովրդին: Ոչ միայն տարբեր նախաձեռնություններով օգնության ձեռք են մեկնում, այլև Հայաստանում բնակվող շատ ասորիներ զինվորագրվում են և մեկնում Արցախ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ, ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան, նշեց, որ արդեն մոտ 150 զինվորական Արցախում է, նրաց թվում թե ժամկետային զինծառայողներ են, թե պայմանագրային զինվորականներ, թե կամավորներ:

«Ցավոք, հինգ զոհ ունենք: Կան նաև վիրավորներ, անհետ կորածներ: Ամեն դեպքում այսօր էլ բավական մեծ թվով ասորիներ զինվորագրվել են գնալու համար»,-ասաց Անահիտ Խոսրոևան:

Ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի տարբեր երկրների ասորիները միացած են այս պայքարին: Անահիտ Խոսրոևան նկատեց, որ տարբեր երկրներում հայ համայնքի բողոքի ակցիաներին նաև իրենց մասնակցությունն են ունենում տեղի ասորիները: Արդեն ամբողջ աշխարհից մոտ 100 հազար դոլարի չափով գումար է փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Իրենց ֆինանսական աջակցությունն են հայտնել ոչ միայն անհատ քաղաքացիներ, այլև կազմակերպություններ, ինչպես նաև ասորական եկեղեցին:

«Բավական ակտիվ են Հայաստանում ապրող ասորիները՝ մեծից փոքր: Վերին Դվինում երեխաները կազմակերպել էին մրգերի վաճառք և հավաքված գումարը՝ մոտ 1 մլն դրամի չափով փոխանցվել էր հիմնադրամին: Ասեմ, որ հումանիտար օգնության 10-րդ բեռնատար մեքենան է գնացել Արցախ: Դրանից բացի, ասորիները օգնության ձեռք են մեկնում Հայաստանում ապաստանած արցախցիներին: Այդ գործում իրենց ներդրումն են ունենում թե Հայաաստանի, թե այլ երկրների ասորիները: Վերջին օրինակներից նշեմ՝ Շվեդիայի ասորական համայնքը գումար է հավաքել և Հայաստանում 1500 արցախցի ընտանիքի տրամադրվել է առաջին անհրաժեշտության սննդամթերք: Այս հարցում աշխատում ենք համայնքային կառույցների հետ»,-ասաց Անահիտ Խոսրոևան:

Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիայի մասին, ըստ ցեղասպանագետի, պետք է շարունակ խոսել, պետք է բարձրաձայնել և ցույց տալ, որ դրանում առկա է ցեղասպանության ձեռագիրը:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի թիկունքին կանգնած է Թուրքիան, որը Օսմանյան կայսրության ժառանգորդն է: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, 100 տարի առաջվա ցեղասպանության շարունակությունն է: Դրան գումարած Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգնությամբ հայ ժողովրդի դեմ կռվում են իսլամական ծայրահեղականները: Տարիներ առաջ Մերձավոր Արևելքում ահաբեկիչների դեմ պայքարում զոհ դարձան նաև ասորիները»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այսօր ահաբեկիչների՝ Կովկասում հայտնվելը խոսում է այն մասին, որ սա պարզապես հայերի ու ադրբեջանցիների հակամարտություն չէ և սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ