ԲՀԿ-ը պատվիրակություն կմեկնի Մոսկվա Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News 

․

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հայտնում են կուսակցությունից: 

Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԲՀԿ քաղխորհրդի անդամներ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին, ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանին հրատապ գործուղել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: 

Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին, այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր: 

Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության դարավոր բարեկամ և բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է:

«Անհրաժեշտ է գործընկերային և դիվանագիտական բոլոր հնարավոր եղանակներն ու խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը և նախանշել ամենասեղմ ժամկետներում իրավիճակի հանգուցալուծման տարբերակները», - ամփոփել է Գագիկ Ծառուկյանը:

Պատվիրակությունը Մոսկվա կմեկնի վաղը՝ հոկտեմբերի 29-ին:

--00--ԱՀ