Թրամփի օգնական Օ՛Բրայանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

օբրայան

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի. նա նաև կոչ է արել կարգավորել իրավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Նրա հայտարարությունը մեջբերել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը:

«Միացյալ Նահանգները կշարունակեն գործադրել ամենամեծ դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում՝ մինչ հակամարտության կարգավորումը», - ասել է Օ'Բրայանը և պնդել, որ անհրաժեշտ է անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին և Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող բանակցություններին: 

Ավելի վաղ Վաշինգթոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգթոնում հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

--00—ԼՄ