Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԼՂ հակամարտության շուրջ բանակցել ըստ էության

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցել ըստ էության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը՝ ամփոփելով Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ Պոմպեոյի առանձին հանդիպումների արդյունքները։

«Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նաև կարևորել է, որ երկու կողմերը սկսեն սուբստանտիվ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո  հակամարտությունը կարգավորելու համար ՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ բռնության սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների մասին», - ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

--00--ԱՀ