«Արցախը Հայաստան է, ու վերջ»-ը համատեքստից միտումնավոր դուրս հանված հատվածն է. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Դոյչե Վելլեին»՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու այդ համատեքստում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությանը:

Հարցազրուցավարը խնդրել է խոսել այն մասին, թե ինչպես ստեղծվեց այս իրավիճակը՝ հիշեցնելով, որ ավելի քան 1 տարի առաջ ՀՀ վարչապետը մեկնել էր Արցախ, հանդես եկել Հայաստանը և Արցախը վերամիավորելու կոչով և հայտարարել «Արցախը Հայաստան է, և վերջ»: Հարցին՝ ԱԳ նախարարն ընդունո՞ւմ է, որ ավելի քան մեկ տարի առաջ սա հակառակ կողմի նկատմամբ բացահայտ սադրանք էր՝ նշելով, որ եթե հայկական կողմը խաղաղություն է ուզում, ինչո՞ւ պետք է վարչապետը մեկներ Արցախ և նմանատիպ հայտարարություն աներ: 

ԱԳ նախարարը նախ հիշեցրել է, որ Արցախի հիմնահարցը վերաբերում է մեր հայրենակիցների գոյությանը, այն ֆիզիկական սպառնալիքին, որին բախվում են շատ երկար տարիներ, ապա հավելել. «Երբ ՀՀ վարչապետն այդպիսի հայտարարություն էր անում, նա մասնավորապես նկատի ուներ Հայաստանի` որպես մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորի, մեր հայրենակիցների անվտանգության մասին հոգ տանող միակ երաշխավորի պատասխանատվությունը: Նրանք ունակ են ինքնապաշտպանվելու, բայց, բացի Հայաստանից, այլ երաշխիք չունեն»:

Ըստ ԱԳ նախարարի՝ վարչապետը շատ հետևողական է եղել հակամարտության կարգավորման վերաբերյալ իր կոնկրետ մոտեցումներում:

«Վարչապետը հենց այդ նույն ելույթում հղում է արել բանակցային գործընթացին՝ կրկնելով հիմնական մոտեցումներն առ այն, որ Հայաստանն առաջ է մղում փոխզիջման վրա հիմնված լուծումը, ինչը նշանակում է, որ պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Այնուամենայնիվ, այն, ինչի հետ մենք գործ ունենք, վարչապետի հայտարարության համատեքստից  միտումնավոր դուրս վերցրված հատվածն է՝ առանց հաշվի առնելու այն մնացած ամենը, ինչը նա ասել է այդ ելույթում և մշտապես»,-հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

--00—ԼՄ