Իրանն ուժեղացնում է սահմանների պաշտպանությունը Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

Իրան

Իրանի բանակը ուժեղացնում է իր սահմանների պաշտպանությունը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին:

«Ղարաբաղյան հակամարտության գոտուց Իրանի տարածք են ընկնում արկեր, որոնք սպառնում են երկրի սահմանային շրջանների բնակիչների անվտանգությունը: Կողմերին խորհուրդ է տվել «չանցնել մեր կարմիր գիծը» և իրենց խնդիրները լուծել երկխոսության միջոցով: Հակառակ դեպքում, Իրանը «չի հանդուրժի», և հակամարտող կողմերը «անկասկած կզղջան»,- գրել է գործակալությունը։

Իրանի հյուսիսարևմտյան տարածքները, որոնք սահմանակից են Հայաստանին և Ադրբեջանին, պարբերաբար արկեր են ընկնում Ղարաբաղյան հակամարտության գոտուց: Միայն հոկտեմբերի 21-ին, ինչպես նշում է IRNA գործակալությունը, Իրանի տարածք է ընկել 71 հրթիռ:  

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ