Տեսչական ստուգումների արդյունքում դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր են նկատվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News   

կորոնավիրուս

Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեսչական ստուգայցերը շարունակվում են, հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

Հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներն ուժեղացված ռեժիմով այսօր ընթացել են Նոր Նորքի 5-րդ և 8-րդ զանգվածներում և Կենտրոնում։ Դիտարկվել է շուրջ 3 տասնյակ տնտեսավարող՝ դեղատներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կետեր:

Տրվել են խախտումների անհապաղ վերացման ցուցումներ։ Նկատվել են աշխատողի կողմից դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր։
ԱԱՏՄ մասնագիտական խմբերը տնտեսավարողների ուշադրությունը հրավիրում են համաճարակի կանխարգելման մի քանի նորմի վրա, մասնավորապես,

Գրանցամատյանները պետք է լինեն լրացված ըստ նոր ձևաչափի:

Աշխատողի և այցելուի միջև պետք է պահպանվի առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

Ապահովվում է այցելուների ջերմաչափումը հեռահար ջերմաչափով:

Պետք է ապահովվեն ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական կառավարման ծորակներով, օճառով:

Պետք է ապահովվի գրասենյակային տարածքի և/կամ առանձին սենյակների բնական օդափոխությունը 2 ժամը մեկ պարբերականությամբ:

Գործատուն պետք է ապահովի աշխատողներին ձեռքերի 60-80%-ոց ալկոհոլի հիմքով ախտահանիչներով։
Նորմերն ըստ ոլորտների սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ