«Բայրաքթարների» անխոցելիության միֆը կոտրվեց․ սա միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News   

Բայրաքթար

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Իսկ մտածե՞լ եք այս նկարը նաև ինչի մասին է։

Սա ոչ թե մի քանի միլիոն կամ մի քանի տասնյակ միլիոն, այլ միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային։

Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը։

Իսկ դա ուղիղ նշանակում է պահանջարկի կտրուկ անկում թուրքական այս զինատեսակի ( և ընդհանրապես՝ վստահության նվազում թուրքական զինտեխնիկայի) նկատմամբ: Մանավանդ, որ ըստ տարբեր աղբյուրների, խփված «Բայրաքթարների» թիվը շատ ավելի մեծ է։

Այնպես որ, երբեք մի հարցրեք՝ մենք մեր սահմանափակ ռեսուրսներով ինչ լուրջ վնաս կարող ենք հասցնել Թուրքիային։ Ոչ միայն կարող ենք, այլ արդեն հասցրել ենք»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ