ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հարցի կարգավորման գործընթացին ու հնարավոր փոխզիջումներին:

ТАСС - Պարոն վարչապետ, Ռուսաստանը շարունակում է ելնել զինվորականների միջև անհապաղ հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունից՝ հրադադարի վերահսկման մեխանիզմը համաձայնեցնելու նպատակով: Արդյոք Հայաստանը համաձա՞յն է նման հանդիպմանը: Ի՞նչ ձևաչափով և ո՞ր կողմերի մասնակցությամբ է համաձայն Հայաստանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Անկեղծ ասած, նման նախաձեռնություն արդեն եղել է, և Մոսկվայում նշանակված էին կոնսուլտացիաներ, որոնց ակնկալվում էր Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ռազմական ներկայացուցիչների մասնակցությունը: Մեր ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա, կատարել են իրենց աշխատանքը: Սակայն, իմ տեղեկություններով, Ադրբեջանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները դեռևս չեն մասնակցել այս ձևաչափին, ինչը կարող է նշանակել, որ նրանք պարզապես հրաժարվում են անել դա: Ես չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ, իմ տեղեկություններով, մինչ օրս նրանք չեն մեկնել Մոսկվա, որպեսզի մասնակցեն այդ կոնսուլտացիաներին:

ТАСС - Խաղաղության մասին: Դուք պատրա՞ստ եք կարգավորումն սկսել Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները Ադրբեջանին փուլային ճանապարհով փոխանցելուց՝ Հայաստանի համար պահպանելով Լաչինի միջանցքը, մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես բազմիցս ասել եմ, և դա Հայաստանի՝ փաստացի բոլոր ժամանակների պաշտոնական դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մեզ համար ռազմավարական դեր ունի: Դուք ահա հիշատակեցիք մի տարբերակ: Ես գիտեմ, որ Հայաստանը մոտավորապես նմանատիպ մի լուծման պատրաստ է եղել մի քանի տարի առաջ: Այդտեղ, սակայն, մեկ նյուանս է եղել՝ իսկ ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ:

ТАСС – Նկատի ունեք Կազանյա՞ն համաձայնագիրը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ թվում նաև Կազանյան նախաձեռնությունը: Բայց ցանկանում եմ ասել, որ այնքան էլ խելամիտ և պրագմատիկ չեմ համարում գնալ լուծման՝ կենտրոնանալով որոշ կարևոր կետերի վրա և ուշադրությունից դուրս թողնելով մյուս կարևոր կետերը: Պետք է հասկանալ, թե ինչպես է միևնույն կամ նմանատիպ հարցին պատասխանում Ադրբեջանը. իսկ պատրա՞ստ են արդյոք նրանք ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

--00--ԱԹ