Հայկական կողմի համար հաղթանակը նշանակում է պահպանել տունը. նախագահը՝ Коммерсантъ-ին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News 

բանակ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին.

Հարց- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ՌԻԱ Նովոստի»-ին տված վերջին հարցազրույցում հայտարարել էր, թե «ապագայում Լեռնային Ղարաբաղի տարածքում պետք է խաղաղ ապրեն ու գոյություն պահպանեն հայկական ու ադրբեջանական համայնքները»։ Սա առհասարակ հնարավո՞ր է։

- Չգիտեմ, թե ում է նախագահ Ալիևը հասցեագրել իր խոսքերը…Ադրբեջանցիներն ու հայերը խորհրդային իշխանության ներքո ապրել են նույն պետությունում։ Բայց, նախ և առաջ, այն ժամանակ Ղարաբաղն ուներ ուժեղ ինքնավարություն։ Երկրորդն, այդ ինքնավարության երաշխավորը Խորհրդային Միությունն էր։ Եվ նույնիսկ նման երաշխավորի ու շատ մեծ ինքնավարությամբ, միևնույնն է, չկար վստահություն, քանի որ Ադրբեջանը փորձում էր էթնիկ զտում իրականացնել։ Այլ ճանապարհով՝ փակելով դպրոցները, թույլ չտալով երիտասարդներին բարձրագույն կրթություն ստանալ, հայկական գյուղերը բնակեցնելով ադրբեջանցիներով… Չկար վստահություն։ Եվ ինչպե՞ս է Ադրբեջանի նախագահը պատկերացնում, որ անվստահության այդքան տարիներից ու ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, երբ այդքան մարդ մահացավ, այն բանից հետո, երբ ռմբակոծում են գյուղեր, դպրոցներ, մահանում են տարեցներ, երեխաներ … Եթե լիներ վստահություն, գուցե և հայերը Լեռնային Ղարաբաղում 1991 թվականին հանրաքվեի չգնային։ Մարդիկ ուղղակի կասեին՝ եկեք միասին ապրենք։ Սակայն չկար վստահություն։ Իսկ հիմա այն առհասարակ բացակայում է։ Ինչպե՞ս եք պատկերացնում։ Նորմալ մարդկային հարաբերություններ չկան այն անձանց հետ, ովքեր ավերում են ամեն ինչ, այդ թվում և՝ եկեղեցիները։ Իսկ հայերը, ընդհակառակը, օրինակ,Շուշիում վերականգնել են մզկիթը։ Սրանք երկու տարբեր մոտեցումներ են։ Կարելի է տարբեր բաների մասին խոսել, բայց կյանքի իրականությունը լրիվ այլ է։

Հարց- Հակամարտությունում ի՞նչ է հաղթանակն ադրբեջանցիների և ի՞նչ՝ է հայերի համար։

-Ադրբեջանցիներն ասում են, թե կռվում են Ղարաբաղի ազատագրման համար։ Ազատագրում ումի՞ց։ Ղարաբաղցիներն այդտեղ են բնակվել հազարավոր տարիներ, տարածքն ազատագրում են մարդկանցից, ովքեր հազարավոր տարիներ այնտե՞ղ են բնակվել։ Ղարաբաղը մշտապես պատմական Հայաստանի մաս է կազմել, իսկ Հայաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է։ Ղարաբաղը հիանալի վայր է, գեղեցիկ մի երկիր։ Աստված տա, մի օր լինեք այնտեղ և ինքներդ կհամոզվեք, որ այնտեղ շատ եկեղեցիներ և այլ շինություններ կան, որոնք կառուցվել են 3-4-րդ դարերում։ Հայկական կողմի համար հաղթանակը նշանակում է պահպանել տունը։ Ադրբեջանի համար հաղթանակը Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելն է։ Ադրբեջանական կողմն ի սկզբանե պատրաստ չի եղել հրադադարի։ Նրանք հաշտեցում չեն ուզել, քանի որ մտածում էին՝ կարող են խնդիրը լուծել ուժի՝ պատերազմի միջոցով։ Այս պատճառով էլ նրանք սեպտեմբերի 27-ին սկսեցին նոր ղարաբաղյան պատերազմը։ Հայաստանը չէ այն սկսել։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ