Կոմպրոմիս եմ առաջարկել․ Ադրբեջանը և Թուրքիան չեն հրաժարվում ցեղասպան քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը: Այն ներկայացնում ենք ստորև.

«Ֆրանս24»- Պարոն վարչապետ, քիչ ժամանակ է մեզ մնացել։ Ես կուզենայի անդրադառնալ այն հռետորաբանությանը, որն օգտագործվում է Ձեր կողմից Թուրքիայի առնչությամբ։ Դուք ասում եք, որ Թուրքիան ուղղակիորեն և բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական միջոցներով։ Դուք պնդում եք, որ Թուրքիան ներգրավված է հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական նկրտումներում։ Այնքան էլ մեծ չէ աջակցությունը Ձեր միջազգային գործընկերներից, մասնավորապես Ռուսաստանից։ Արդյոք Դուք գտնում եք, որ աշխարհը ճիշտ չի ընկալում խնդիրը կամ անտարբեր է դրա նկատմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ եկեք արձանագրենք, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն արդեն ընդունել են, որ Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններում, և Թուրքիան է հրահրել այս ռազմական գործողությունները:

Երկրորդը՝ միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ, երկրներ, պետություններ՝ Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, այլ երկրներ, ընդունել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը ձեռնարկելու համար: Եվ, ըստ էության, ես հստակ ասում եմ, որ, այո՛, Թուրքիան վերադարձել է 100 տարի անց Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Բայց դա ունի շատ կոնկրետ պրագմատիկ նպատակ՝ որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ նրա էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք շարունակելու համար: Եվ այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում, և աշխարհը պետք է առերեսվի այս փաստի հետ: Ես ասել եմ, որ եթե այս փաստը պատշաճ ձևով գնահատականի չարժանանա, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում:

«Ֆրանս24»- Պարոն վարչապետ, մենք քիչ ժամանակ ունենք, բայց ես կուզենայի ևս մեկ հարց ուղղել Ձեզ։ Վերջերս պատասխանելով քաղաքացիական անձանց սպանություններին առնչվող հարցադրմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց Հայաստանին ռազմական տեխնիկան քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայելու մեջ, ինչն էլ իր կարծիքով հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիական զոհերի։ Ձեր մեկնաբանությունը, պարոն վարչապետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, վերջերս տեսանյութ է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի ռմբակոծությունների մասին, և միջազգային լրատվամիջոցները նկարահանել են այդ տեսարանները: Եվ ես ուշադրություն դարձրի, որ այդ տեսարաններում, այն տեղերում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք չկա, այլև ընդհանրապես ոչ մի զինվորական չկա: Դա արվում է ցեղասպան քաղաքականության շրջանակում: Ալիևը, Ադրբեջանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խնդիր ունի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկել՝ սպանելու, տեղահանելու և էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով:

Եվ կարող են միջազգային լրատվամիջոցները վկայել դա, որ Ստեփանակերտում ընդհանրապես տեղի է ունենում հետևյալը՝ ուղղակի քանդվում են մարդկանց տները, որ նրանք հետագայում այդտեղ ապրելու հնարավորություն չունենան: Եվ սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի առաջ է, և այս հարցի լուծումը մեկն է՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի շրջանակում: Որովհետև Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության ներքո: Դա ուղղակի բացառված է, և միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ ես ուրախ եմ, ի դեպ, որ տեղական ինքնակառավարման, քաղաքային խորհուրդների մակարդակում Եվրոպայում այս պրոցեսն սկսվել է: Եվ հույս ունենք, որ այն ալիքաձև կտարածվի:  

«Ֆրանս24» - Պարոն վարչապետ, և ամենավերջին հարցը։ Դուք աննախադեպ մեծ հեղինակություն եք վայելում Ձեր երկրում։ Միջազգային հանրությունը չափազանց բարյացակամ վերաբերմունք դրսևորեց Ձեր կառավարության հանդեպ։

Բոլորովին վերջերս՝ 2018 թ.-ին խաղաղ գործընթացի արդյունքում, որը հայտնի է որպես Թավշյա հեղափոխություն, Դուք եկաք իշխանության։ Ինչու՞ չեք օգտագործում Ձեր հեղինակությունը բովանդակալից բանակցություններ սկսելու համար, որն ինչպես Դուք գիտեք, ենթադրում է փոխզիջում` տարածքային զիջումներ, որը շատ ավելի լավ տարբերակ է, քան այն մահերն ու ավերածությունները, որը մենք տեսնում ենք այսօր և որի ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ ձգձգվող հայ-ադրբեջանական այս հակամարտության ընթացքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես փորձել եմ անել դա և կոմպրոմիս եմ առաջարկել, բայց բանակցային այդ պրոցեսների ընթացքում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը, հիմա նաև՝ Թուրքիան, որևէ կերպ չեն ուզում հրաժարվել ցեղասպանության քաղաքականությունից: Եվ ես էլի ասում եմ, որ այս խնդիրն այսօր առավոտ ևս այլ լուծում չունի, քան «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի կիրառումը: Որովհետև Ադրբեջանը, հիմա նաև Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ, մի խնդիր է դրել իր առաջ՝ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն:

«Ֆրանս24» - Կարո՞ղ եք ավելի կոնկրետ ներկայացնել, պարոն վարչապետ, թե ինչ զիջումների եք պատրաստ Դուք գնալ։ Ես Ձեզ կխնդրեի այդ ենթատեքստում անդրադառնալ նաև այսպես կոչված բուֆերային գոտուն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե, կարող եմ ավելի կոնկրետ: Երբ ես դարձա վարչապետ, ես նախ առաջարկեցի հետևյալ բանաձևը: Գիտեք, ինչ, անընդհատ խոսվում է զիջումների մասին: Նախ մենք պետք է հայեցակարգ ունենանք՝ հարցն ինչպե՞ս պետք է լուծվի: Եթե որևէ մեկը կարծում է, որ հայկական կողմը միակողմանի զիջումներ պետք է անի, խոսում է հայկական կողմի կապիտուլյացիայի մասին: Դա հարցի կարգավորում չէ: Ես առաջարկել եմ, որ մենք նախ հայեցակարգային մակարդակով հասկանանք լուծման բանաձևը: Եվ ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես բանակցային գործընթացում ներգրավված առաջին ղեկավարն եմ, ով ասում է, որ որևէ լուծում պետք է նաև հակառակ կողմի համար ընդունելի լինի: Բայց Ադրբեջանը շարունակել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի համար, որը, ըստ էության, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով հայերից պետք է մաքրվի:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ