ԼՂ հարցը տարածքային վեճ չէ, մարդկանց իրավունքի իրացման խնդիր է․ Փաշինյանը՝ France 24-ին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը: Այն ներկայացնում ենք ստորև.

Ֆրանս 24 - Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, հարցազրույց տալու Ձեր համաձայնության համար։ Վստահաբար, ձեր տարածաշրջանը շատ դժվարին ժամանակներ է ապրում այս օրերին։

Ես կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել մի քարտեզի վրա, որն այս պահին լայնորեն շրջանառվում է միջազգային հարթակներում։ Հնարավոր է, որ Դուք համաձայն չեք այդ քարտեզում պատկերվածի հետ։ Այնտեղ Հայաստանը գտնվում է ձախ մասում, իսկ Ադրբեջանը՝ աջ կողմում, և այն, ինչ կարմիրով ներկված է որպես ադրբեջանական տարածք, վիճելի շրջանն է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության, որը նախորդ դարի 90-ականների սկզբին անկախություն հռչակեց, ինչն առ այսօր չի ճանաչվել ՄԱԿ-ի գեթ մեկ անդամ երկրի կողմից, ներառյալ Հայաստանը։

Վերջերս մենք ականատես եղանք խնդրի լուծման չափազանց կոշտ մոտեցումների։ Մասնավորապես, Դուք գնացիք Լեռնային Ղարաբաղ և հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Այստեղ կրկին ես պետք է հիշատակեմ, պարոն վարչապետ, որ ՄԱԿ-ի անդամ երկրներից և ոչ մեկը համաձայն չէ այդ ձևակերպման հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ ես Ձեր ցուցադրած քարտեզը, ցավոք սրտի, չեմ տեսնում, և դրա հետ կապված որևէ մեկնաբանություն անել չեմ կարող: Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը, շատ կարևոր է իմանալ Լեռնային Ղարաբաղի հարցի պատմությունը, որովհետև Ձեր խոսքի մեջ էլ Դուք ասացիք՝ վիճարկվող տարածք: Ցավոք, ինչ-որ պահի միջազգային լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղի հարցը ներկայացնում են որպես տարածքային վեճ: Եվ սրա պատճառն այն է, որ մոռացության է մատնվել Լեռնային Ղարաբաղի հարցի ծագման պատմությունը:

1988 թվականին Խորհրդային Միության ժամանակներում, երբ տեղի էր ունենում վերակառուցման և ժողովրդավարացման գործընթաց, Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով գորբաչովյան բարեփոխումների շրջանից, որոշեց վերականգնել իր իրավունքները: Իսկ իրավունքը խախտվել էր Խորհրդային Միության ձևավորման շրջանում, երբ Ստալինի կամայական որոշման հետևանքով 80 տոկոս հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը կցվեց Խորհրդային Ադրբեջանին և ոչ թե դրվեց Խորհրդային Հայաստանի կազմ: Եվ ահա 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանն ընդունեց Հայաստանին միավորվելու վերաբերյալ որոշում, և դա բացարձակապես խաղաղ գործընթաց էր: Ընդ որում՝ ցանկանում եմ ընդգծել, որ այն ժամանակ այդ շարժումն ընկալվում էր որպես Խորհրդային Միության ժողովրդավարացման գործընթաց, և շատերը Եվրոպայում ասում էին, որ Ղարաբաղյան շարժման սկսած պրոցեսի արդյունքում էր, որ փլուզվեց Բեռլինի պատը: Եվ ահա այս խաղաղ քաղաքական որոշմանը Խորհրդային Միությունը և Խորհրդային Ադրբեջանը պատասխանեցին բռնությամբ՝ իրականացնելով հայերի սպանություններ Սումգայիթ և Բաքու քաղաքներում: Եվ ահա այսպես ծագեց կոնֆլիկտը:

Ինչ վերաբերում է արդեն Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանին, երբ Խորհրդային Ադրբեջանը հռչակեց անկախություն Խորհրդային Միությունից, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, օգտվելով խորհրդային այն օրենսդրությունից, որ եթե խորհրդային հանրապետությունն անկախություն է ստանում, նրա կազմում գտնվող ինքնավար միությունը կարող է իր կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնել, կայացրեց որոշում և հռչակեց իր անկախությունը: Ինչ վերաբերում է նրան, որ մինչև հիմա ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դրա համար էլ Ղարաբաղի ժողովրդի և հայ ժողովրդի պայքարը շարունակվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն օգտագործելու, իրացնելու հնարավորություն ունենա:

Իսկ ինչո՞ւ է Արցախը, Լեռնային Ղարաբաղը Հայաստան: Եթե Դուք այսօր լինեք Ղարաբաղում, կտեսնեք այնտեղ 4-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցն ստեղծվել է հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում: Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը և ավելին միշտ եղել են հայեր: Իսկ Հայաստան նշանակում է հայերի երկիր, և Լեռնային Ղարաբաղն իր ողջ պատմության ընթացքում եղել է հայերի երկիր: Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ, այո՛, սա ոչ թե տարածքային վեճ է, սա մարդկանց իրավունքի իրացման խնդիր է, որովհետև, ինչպես արդեն ասացի, Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, 1988 թվականին այդ գոյութենական վտանգը եղել է:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ