Լոնդոնի հայերը BBC-ից պահանջել են ճշմարտությունն ասել Արցախում տեղի ունեցողի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

ԲԻԲԻՍԻ

Հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության դիմաց՝ պահանջելով ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամոթ BBC-ին», «Դադարե՛ք տարածել ադրբեջանական և թուրքական ստերը», «BBC-ի, պատմի՛ր ճշմարտությունը»:

Նրանք ռազմահայրենասիրական երգերի ներքո ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու ընդգծել, որ բրիտանական հանրությունն արժանի է իմանալու ճշմարտությունը, և BBC-ին պետք է դադարի թաքցնել այն:

Ցուցարարների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել «Վե՛րջ տվեք ագրեսիային», «Ճանաչե՛լ Արցախը», «Ձեր լռությունը սպանում է խաղաղ մարդկանց»:

Աշխարհասփյուռ հայությունը նմանատիպ բողոքի ակցիաներ իրականացնում է տարբեր երկրներում՝ այդ երկրների հեռուստաընկերություններից պահանջելով միջազգային հանրությանը պատմել ճշմարտությունը: Բողոքի ակցիա իրականացնողները իշխանություններից էլ պահանջում են դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և ճանաչել Արցախի անկախությունը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։ 

--00—ՄՀ