Վարդենիսցիները չեն հուսալքվել, ավելի ամուր են կանգնած հայրենի հողի պաշտպանության դիրքում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News    

Վարդենիս

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն 19-րդ օրն է, ինչ մեր ժողովուրդը հերոսաբար մարտնչում է թուրք-ադրբեջանական բանակի և իսլամիստ ծայրահեղական վարձկանների դեմ։ Մեզ պարտադրված ծանր պատերազմում վտանգված է Արցախը, որի սահմանների դեմ քանիցս արդեն ոտնձգություն է կատարում թշնամին՝ ստանալով արժանի հակահարված։

Այս օրերին Վարդենիսի տարածաշրջանի առանձին բնակավայրերում ևս թշնամու գործողությունները հանգեցրել են մարդկային ու նյութական կորուստների, սակայն այս տարածաշրջանի բնակիչները ոչ միայն չեն հուսալքվել կամ խուճապի մատնվել, այլև ավելի ամուր են կանգնած հայրենի հողի պաշտպանության դիրքերում` ամեն ինչ ներդնելով առաջնագծի ու թիկունքի ամրապնդման համար։

Սփոփելով մարզի շատ ընտանիքների կրած թանկ կորուստների համար և խոնարհվելով անմահ հերոսների հիշատակի առաջ՝ միաժամանակ գոտեպնդում ու քաջալերում եմ ձեզ, սիրելի՛ գեղարքունիքցիներ: Մեր այս սխրալի գոյամարտի, մեր վաղվա օրվա, հաղթանակի ու խաղաղության հանդեպ պետք է լցվենք անսասան կամքով և անխախտ հավատով։ Մեզանից յուրաքանչյուրի ջանքերից է կախված մեր հայրենիքի ապագան, մեր սերունդների հարատևությունը»։

Մենք միասնական ու վճռական ենք այս բախտորոշ օրերին և համոզված եղեք, որ հաղթանակ ենք կերտելու համազգային այսպիսի համախմբվածության շնորհիվ։

Մեր պայքարն արդար է և մենք հաղթելու ենք:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ