Ռազմական ագրեսիան շատ թանկ է նստելու թշնամիների տնտեսությունների վրա․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական ագրեսիան շատ թանկ է նստելու այդ երկրների վրա։ Մարդկային եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ ունենալու հետ մեկտեղ՝ Ադրբեջանը ահռելի տնտեսական վնասներ է կրում։ Վերջին շրջանում ադրբեջանական նավթի գները սկսել են իջնել, եւ այստեղ խնդիրը չի վերաբերում միայն կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի արդյունքում էներգակիրների համաշխարհային գնանկմանը, որը շարունակում է նվազեցնել նավթ արդյունահանող երկրների եկամուտները։

Անհրաժեշտ է դիտարկել այն հանգամանքը, որ ադրբեջանական նավթի հիմնական գնորդները վստահ չեն, որ Ադրբեջանը ի վիճակի է ժամանակին եւ ամբողջ ծավալով մատակարարել նավթը, քանի որ այդ երկրի ռազմաքաղաքական իշխանությունների արկածախնդրության պատճառով ենթակառուցվածքների անվտանգությունը ոչ ոք չի կարող երաշխավորել։ Իսկ, ինչպես գիտենք, ադրբեջանական տնտեսությունը մեծապես կախված է նավթի ու գազի արտահանումից։ Եվ պատահական չէ, որ այս երկրի արտահանման հաշվեկշռում էներգակիրների ծավալը գերազանցում է 90 տոկոսը, եւ սա այն պարագայում, երբ Ադրբեջանն ընդհանրապես 2010 թվականից սկսած՝ ամեն տարի նավթի արդյունահանումը նվազեցնում է։

Եվ նավթի գնանկման ֆոնին Ադրբեջանը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած ու շարունակում է մսխել իր պահուստային ֆոնդում կուտակված միջոցները։ Իսկ այսպիսի իրավիճակը հանգեցնում է նրան, որ այս երկիրը հայտնվի նաեւ ֆինանսական եւ սոցիալական կոլապսի մեջ, որում հենց հիմա գտնվում է Ադրբեջանի ողջ տնտեսությունը։ Ադրբեջանի Կենտրոնական բանկը փորձում է պահել մանաթի առկա արժեքը՝ որոշակի դոլարային ռեսուրսներ ծախսելու միջոցով, բայց դա երկար անել չեն կարող, մանավանդ, երբ պատերազմը հսկայական ֆինանսական միջոցներ է խլում, իսկ Ադրբեջանը ձգտում է սպառազինությունների նոր խմբաքանակ ձեռք բերել։ Շուտով նրանք ստիպված են լինելու բաց թողնել մանաթի արժեքը, ինչը շատ կտրուկ կերպով կազդի Ադրբեջանի տնտեսության վրա։

Ասիական Զարգացման բանկի կանխատեսումներով՝ այս տարի Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը կազմելու է 4,3 տոկոսը, սակայն հավելյալ գործոնների ավելացման պարագայում, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական տնտեսության անկումն ավելի խորը կլինի։ Իսկ տնտեսական դժվարությունները կարող են հող ստեղծել այդ երկրում դժգոհությունների եւ ներքաղաքական ցնցումների համար։ Տպավորություն է նաեւ, որ ռազմական ագրեսիայի տնտեսական ռիսկերի մասին հաշվարկներ չի արել նաեւ Թուրքիան, որն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին։ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ թուրքական պաշտոնական շրջանակների հայտարարությունների ֆոնին թուրքական արժույթը՝ լիրան, շարունակում է գահավիժել։ Իսկ օրերս էլ լիրան անկման նոր ռեկորդ էր սահմանել։

Թուրքիան ռազմական եւ քաղաքական էական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին, եւ ֆինանսատնտեսական ոլորտի վերլուծաբանների համոզմամբ, թուրքական ազգային արժույթի արժեզրկմանը նպաստել է այդ երկրի անթաքույց ներգրավվածությունը Արցախում վերսկսված ռազմական գործողություններում: Սրան գումարվում է այն, որ ներդրողների կողմից Թուրքիայի նկատմամբ վստահության անկում է նկատվում: Թուրքիայի տնտեսական դրությունը բարդանում է նաեւ այն հանգամանքով, որ Սաուդյան Արաբիան, որը թուրքական ապրանքների արտահանման համար մեծությամբ 15-րդ շուկան էր, պաշտոնապես հայտարարել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին։

Հայաստանում եւս շարունակվում են թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու մասին քննարկումները, եւ բացառված չէ, որ առաջիկայում թուրքական ապրանքների ներմուծման արգելք կարող են սահմանել նաեւ այն երկրները, որոնց հետ Թուրքիան խնդիրներ ունի։ Այնպես որ պատահական չէ տնտեսագետների այն կանխատեսումը, որ ակտիվորեն մասնակցելով հակամարտությունների սրմանը՝ Թուրքիան պայմաններ է ստեղծում, որպեսզի թուրքական տնտեսությունը վերջնականապես ծնկի գա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ