Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Զոհրաբ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեց, որ փոխըմբռնման բարձր աստիճան կա օրակարգային բոլոր հարցերի շուրջ:

Մնացականյանը նշեց՝ ներկայում իր ուշադրությունը հիմնականում կենտրոնացված է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վրա, որ դարձել է լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար: Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի նկատմամբ՝ ցույց տալով իր իրական նպատակները՝ խնդրի ուժային, ռազմական լուծում և Արցախի ժողովրդի ֆիզիկական բնաջնջում: Նախարարն ընդգծեց՝ Ադրբեջանում տարբերություն չեն դնում խաղաղ բնակիչների ու զինվորականների միջև, նրանց շատ հարվածներ ուղղված են քաղաքացիական բնակչության դեմ:

«Բաքուն ռազմական գործողություններ է վարում Թուրքական ավիացիայի օգնությամբ: Թուրքիայի կողմից տարածաշրջան օտարերկրյա ահաբեկիչների տեղափոխումը ևս լուրջ վտանգ է, և այդ երևույթն արդեն ոչ միայն ապացուցված է մեր աղբյուրներով, այլև ուսումնասիրվել ու արձանագրվել է միջազգային հանրության կողմից: Ադրբեջանը մեր տարածաշրջանում դարձել է հարթակ միջազգային ահաբեկչության համար»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ Ադրբեջանը չի պահպանում հումանիտար հրադադարի ռեժիմը, նաև հայտնեց՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորն է:

«Մենք որևէ առաջընթաց չենք տեսնում ԼՂ-ում կրակի դադարեցման մեջ: Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները: Արդյունավետ բանակցություններ կարող են լինել միայն կրակի լիարժեք դադարեցման դեպքում»,- ասաց Մնացականյանը:

--00--ԱԹ