Ալիևի պահվածքը խոսում է անվստահության ու տագնապի, ներսից և դրսից գործադրվող ճնշման մասին

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ալիևի խոսքերի մասին.

• Պատերազմի առաջին օրերից եմ ասել, որ Ադրբեջանի ղեկավարը գրեթե ամեն ինչ է դրել այս պատերազմի զոհասեղանին՝ սկսած իր ընտանեկան իշխանությունից, վերջացրած առհասարակ մեր ճանաչած Ադրբեջան պետության գոյությամբ։

• Վերջին օրերին Ի․ Ալիևն ստիպված է լինում անդրադառնալ թեմաների, ասել բաներ, որոնք առաջներում՝ ինքնավստահ գահակալության շրջանում, երբեք չէր ասի։ Այսպես՝ 4 օր առաջ նա պարզաբանում/արդարանում էր, թե ինչու իրենց զոհվածների անունները չեն հրապարակվում․ «… այսօրվա դրությամբ դրա հետ կապված ինֆորմացիան գաղտնի է, ադրբեջանական հասարակությունն այդ մասին կտեղեկացվի մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո»։

• Ռուսական «ՌԲԿ»-ին տված այսօրվա հարցազրույցում առհասարակ ստիպված է եղել պնդել, որ «ասողն» ինքն է, ոչ թե Թուրքիան․ «Մոսկվայի հայտարարությունը համաձայնեցված էր ինձ հետ, մի՛միայն ինձ։ Եթե մենք ինչ-որ մեկի կողմից կառավարվեինք, ապա դա երևի այդքան արագ չէր լինի»։

• Իրականում թե՛ քաղաքականության, թե՛ մարդկային հարաբերությունների մեջ «ասողը» երբեք կարիք չի ունենում բարձրաձայնելու այդ մասին։ Սա կարող է խոսել այն սկսվող անվստահության ու տագնապի, ներսից և դրսից գործադրվող ճնշման մասին, որին ենթարկվում է Ի․ Ալիևը։

• Մեծ պատերազմներում պարտությունները լինում են 2 հիմնական տեսակի․ երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի կրած պարտության պես, երբ ուղղակիորեն ռազմակալվում է տարածքդ, և առաջին աշխարհամարտում Գերմանիայի կրած պարտության պես, երբ բուն գերմանական տարածքում ռազմական գործողություններ գրեթե չեղան, բայց ինչ-որ պահի ամեն ինչ ու միանգամից քանդվեց։

Այս երկրորդ տարբերակին շատ մոտ եղանակով ենք մենք հաղթել Ադրբեջանին նաև 1990-ականներին։ Միգուցե ներկայումս այս տարբերակի՝ մեզ համար մշուշոտ, իր համար խիստ տեսանելի ռի՞սկն է այսքան ջղաձիգ դարձնում թշնամական երկրի ղեկավարին…»:

--00--ԱԹ