«Քայլերթ՝ հանուն հաղթանակի».կոնգրեսական Շերմանը կմիանա քայլերթին՝ ի համերաշխություն Արցախի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

Արցախ

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որպես համերաշխություն Արցախի ժողովրդի, կմիանա Կալիֆորնիայում «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոնգրեսականն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ես քայլերթի եմ գնալու և խոսելու եմ հաղթանակի համար հավաքված հազարավոր մարդկանց հետ, քանզի մենք արտահայտում ենք մեր համերաշխությունը Արցախի ժողովրդին»,-նշել է նա: Հաղթանակի համար քայլերթը մեկնարկելու է հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսի Pan Pacific այգուց՝ տեղի ժամանակով 15:00-ին: Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Բեվերլի Հիլզ՝ Թուրքիայի հյուպատոսության շենք: Շերմանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է երթի մասին իրազեկող պաստառը, որտեղ մասնավորապես նշված է՝ Արցախը հարձակման է ենթարկվում, օգտագործվել են հաշթագեր՝ «Ուժեղ Արցախ», «Կանգնեցնել Ալիևին»:

 Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ