Նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի. Մայր Աթոռը հանգանակություններ է ստանում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News

 Էջմիածին

Արցախի Հանրապետության շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 30-ին շրջաբերականով հորդոր ուղղեց աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ կազմակերպելու հանգանակություններ՝ ի զորակցություն Արցախի։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Հայրապետական կոչին ընդառաջ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արդեն ստացվում են հանգանակված նվիրատվություններ, որոնք կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։

Գերմանիայի հայոց թեմից Մայր Աթոռ փոխանցվել է յոթանասուն հազար եվրո, Իտալիայի Միլանի հայ համայնքից՝ յոթ հազար յոթ հարյուր եվրո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Նվեր Մխիթարյանից՝ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ