Փաշինյանն ու Միշուստինը կարևորել են Արցախում ռազմական գործողությունների դադարեցումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ սա վարչապետի պաշտոնում պարոն Միշուստինի առաջին այցն է Երևան և ցավով նշել, որ այն տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում ՌԴ վարչապետը մեր երկիր կայցելի արդեն այլ պայմաններում և մթնոլորտում:

Հանդիպման սկզբում երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը։

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և արդյունաբերությունը:

Վարչապետներն ընդգծել են համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացման և Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ քայլերին:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ