ՌԴ գլխավոր դատախազը կոչ է արել կանխել ահաբեկիչների ներթափանցումը ԼՂ հակամարտության գոտի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News

ահաբեկիչներ

Անհրաժեշտ է կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածք վարձկանների և ահաբեկիչների ներթափանցումը: Այս մասին ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։  

«25 տարի շարունակ մենք համատեղ ջանքերով ստեղծել ենք մեխանիզմներ, որոնք ապահովում են Անկախ Պետությունների Համագործակցության տարածքում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և չենք կարող և պետք թույլ չտանք, որ դրանք փլուզվեն։ Այժմ առաջնային խնդիր է պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ ապրելու իրավունքը, այդ թվում՝ հակամարտության տարածք վարձկանների և ահաբեկիչների, զենքի ապօրինի շրջանառության և ահաբեկչական ակտերի ֆինանսավորման միջոցով հարստացող անձանց ներթափանցման ցանկացած փորձ կանխելու միջոցով», -ասել է նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ