Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ Արցախից եկածներին կացարան տրամադրելու կոչերից

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News 

ոստիկանություն

Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ հանդես են գալիս ռազմական գործողությունների պատճառով հայրենի բնակավայրերը թողած արցախցիներին իրենց տներում ապաստան տալու առաջարկով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ձեռնարկը մարդասիրական ու մարդկային է, բայց ցանկացած բարի մղում կարող է վերածվել իր հակադրությանը, եթե զերծ չմնանք անվերահսկելի ինքնագործունեությունից ու չհամակարգված գործողություններից:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ այդպիսի ինքնագործ քայլերից, տարատեսակ հայտարարություններ տարածելուց և բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել պատկան մարմինների հետ:

Հիշեք, որ մենք ռազմական դրության պայմաններում ենք, և ցանկացած հուզական քայլ հակառակորդի կողմից կարող է օգտագործվել սադրանքներ ու ապատեղեկատվություն կազմակերպելու համար:

Հարգելի քաղաքացինե՜ր:

ՀՀ ոստիկանությունը հետևողական է լինելու այդ կարգի նախաձեռնությունների և հայտարարությունների ծագումը պարզելու և քաղաքացիներից պարտադիր դրանց համաձայնեցում ու կանոնակարգում պահանջելու գործում:

--00--ԱՀ